«Մարդիկ չեն հավատում պոպուլիստական խոստումներին, սպասում են ռեալ քայլերի»
«Հեղափոխությունից հետո չինովնիկների աշխատանքի մեջ նկատվում է որոշակի թափանցիկություն, իսկ հասարակության մոտ պահանջկոտության մակարդակը զգալիորեն աճել է, ինչը ես համարում եմ դրական: Բայց այս ամենի ֆոնին շատ մեծ բացասական գործոն կարող եմ նշել, այն է՝ մեր երկրում քաղաքական ամբողջ համակարգը դեռևս կախված է մեկ մարդու կամքից: Այդ մարդու կամքից են կախված ուժային կառույցները, ԱԺ մեծամասնությունը գրպանային է, մեկ մարդու հրահանգով է շարժվում, ինչը սխալ է: Քաղաքական ինստիտուտների կայացման տեսանկյունից սա դրական էֆեկտ չի կարող ունենալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդի ձայն» հասարակական խմբի անդամ Արման Ղուկասյանը:
Ինչ վերաբերում է հասարակության սպասելիքներին՝ Արման Ղուկասյանի կարծիքով՝ դրանք տրանսֆորմացվել և բերել են դժգոհությունների:
«Կարդացել եմ, որ 50-55 տոկոս է կազմում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը: Էյֆորիան շարունակում է անկում ապրել, և մարդիկ չեն հավատում պոպուլիստական խոստումներին, սպասում են ռեալ քայլերի և փոփոխությունների: Ներդրումները, որոնց մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը, մեզանից ոչ ոք չի տեսնում: Ամերիկյան «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ 2018թ. հայտնի դեպքերից հետո, իր ինվեստիցիաները 38 միլիարդ դոլարով կրճատել է, պատրաստվում է դիմել դատարան, որ կորցրած փողերը հետ բերի: Վերջին տարում ՀՀ-ից պաշտոնական տվյալներով հանվել է մեկ միլիարդ դոլար, Հայաստանից Ռուսաստան ուղարկված գումարներն առաջին անգամ գերազանցել են 3.8 միլիոն դոլարը:
Անդրադառնամ նաև Համաշխարհային բանկի և Միջազգային արժութային հիմնադրամի հաղորդած տվյալներին. Եթե ՀՀ կառավարությունն իր ծրագրում 2019թ. ակնկալում է 4.9 տնտեսական աճ, ապա Համաշխարհային բանկը չի կիսում այդ սպասելիքները և 4.3 է տալիս, Միջազգային արժութային հիմնադրամը՝ 4.5 տոկոս: Եվ երբ Կառավարությունը խոսում է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին և ձգտում է 4.9 տոկոս տնտեսական աճի, դա ուղղակի անտրամաբանական է, որովհետև 4.9 տոկոս տնտեսական աճ եղել է նախորդ իշխանությունների ժամանակ, և այնտեղ չեն խոսել տնտեական հեղափոխության մասին:
Բերեմ նաև ապրանքաշրջանառության թվերը. 2018թ. հունվարին արտաքին շրջանառությունը կազմել է 44 տոկոս, հոկտեմբերին՝ 11: Տնտեսական հեղափոխությունը կարծես թե ավելի շատ ուղղված է չինովնիկներին, որոնց նման քանակի պարգևավճարներ տրվեցին: Կառավարության գլխավոր նպատակն էլ ամեն գնով պետական բյուջե լցնելն է, որը չի բխում քաղաքացիների շահերից»,- նշեց «Ժողովրդի ձայն» հասարակական խմբի անդամը:
Անի Կարապետյան