Ղազախստանում «Միր»-ը բացառել են պարտադիր հեռուստաալիքների ցուցակից
Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ ստեղծված «Միր» հեռուստաալիքի բացառումը Ղազախստանի տարածքում հեռարձակման համար պարտադիր հեռուստաալիքների ցուցակից տարակուսանք ու զարմանք է առաջացնում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության (ՄՀՌԸ) նախագահ Ռադիկ Բատիրշինը:
Ավելի վաղ, հեռուստաալիքի տվյալներով, Ղազախստանի ԶԼՄ-ներում հրապարակվել էր այն հեռուստաալիքների նոր նախնական ցուցակը, որոնք պարտադիր են հանրապետության տարածքում հեռարձակելու համար: Այդ փաստաթղթի համաձայն, «Միր» հեռուստաալիքը բացառված է այդ ցուցակից:
«Ղազախստանի տարածքում հեռարձակման համար պարտադիր հեռուստաալիքների ցուցակից «Միր»-ի բացառումն անկեղծ տարակուսանք ու զարմանք է առաջացնում. TNS Central Asia-ի չափումների համաձայն, մեր հեռուստաալիքը ժողովրդականությամբ հինգերորդ տեղն է զբաղեցնում հանրապետության բոլոր ալիքների շրջանում:
«Միր» հեռուստաալիքը հեռարձակվում է ԱՊՀ-ի բոլոր երկրներում, ինչպես նաեւ Վրաստանում եւ Բալթյան երկրներում: Նրա պոտենցիալ լսարանը 170 մլն մարդ է»,- ասել է Բատիրշինը ՌԻԱ Նովոստիին:
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը հիմնվել է 1992 թվականին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ: «Միր» հեռուստաալիքը հեռարձակման համար պարտադիր է Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, նշում է հեռուստաալիքը: