«Կողմերը չպետք է կորցնեն զգոնությունը ո՛չ շփման գծի, ո՛չ էլ բանակցությունների ուղղությամբ»

«Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա ավանդական խնդիրներն ու վտանգները պահպանվել են»,- մեզ հետ զրույցում ասաց  բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության  գոտում ստեղծված իրավիճակին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջին պաշտոնական հանդիպումից հետո։

Նեյլ Մաքֆարլեյնի գնահատմամբ՝ առաջին պաշտոնական հանդիպումը բացահայտեց այն, որ նախորդ ոչ պաշտոնական շփումները ղեկավարների միջև պարզապես շփումներ էին, և չկար որևէ լուրջ պրոցես, ինչպիսի տպավորություն որ կար մինչ Վիեննայի հանդիպումը։ Վիեննայի հանդիպումը, նրա խոսքով, բացահայտեց այն տարաձայնությունները, որոնք ունեն կողմերը, և դա է՛լ ավելի ակնհայտ դարձավ հանդիպմանը հաջորդած թե՛ ղեկավարների, թե՛ նախարարական մակարդակով տարբեր հայտարարությունների միջոցով։

Մաքֆարլեյնի տպավորությամբ՝ հայկական կողմը փորձում էր կառավարել գործընթացն այն առումով, որպեսզի այն չմտներ անկանխատեսելի մի փուլ, երբ կողմերից յուրաքանչյուրն անում է հայտարարություն, որն իրեն է պետք։ Բայց, ըստ նրա՝ հետագա զարգացումները ցույց են տալիս, որ դրանից հնարավոր չէ խուսափել, և յուրաքանչյուր կողմ, անկախ հանդիպման ընթացքում քննարկված թեմաներից և պայմանավորվածություններից, կրկին  իր օրակարգն է առաջ քաշում, և դա բավականին անվերահսկելի գործընթաց է։

«Մոտ ապագայում չունեմ ակնկալիքներ բանակցային գործընթացից։ Ես միշտ առաջ եմ քաշել սկզբունքների տարընթերցումների հարցը, կողմերից ոչ մեկն այդ սկզբունքները չի դիտարկում՝ որպես մեկ ամբողջություն, սա չափազանց կարևոր հանգամանք է, այստեղ է թաքնված ամենալուրջ խնդիրներից մեկը։

Այս ուղղությամբ է, որ աշխատանք պետք է տանեն կողմերը։ Հենց այդ պատճառով ընդունելի էր հայկական կողմի առաջարկը՝ քննարկել այդ սկզբունքներն ու տարրերը, հասկանալ, թե ինչպես ընդունելի կարգավորման բանաձև գտնել այդ սկզբունքների մեջ, որոնք կլինեն ընդհանուր կողմերի համար։ Էական հանգամանք է հարցը, որը բարձրացնում է հայկական կողմը, և դրա իրականացումը ներկայումս անիրատեսական է թվում, բայց դա, ինչպես երևում է, դուրս չի գալիս հայաստանյան օրակարգից, ինչն էլ իր հերթին՝ նշանակում է, որ գործընթացը ստատուս-քվոյից առաջ չի անցնելու»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է շփման գծում սպասվելիք իրավիճակին՝ բրիտանացի փորձագետն ասաց, որ չլուծված հակամարտությունն արդեն իսկ լուրջ սպառնալիք է այն երկրների համար, որոնք դրա կողմն են համարվում։

Նրա համոզմամբ՝ չլուծված հակամարտությունը, բնականաբար, նաև ռազմական գործողությունների վերսկսման վտանգ է ենթադրում։

«Այս վտանգներն առկա են. ինչպես բանակցային խնդիրները, այնպես էլ՝ առաջնագծում առկա ավանդական խնդիրները պահպանվել են: Կողմերը չպետք է կորցնեն զգոնությունը ո՛չ շփման գծի, ո՛չ էլ բանակցությունների ուղղությամբ, հատկապես, երբ սրվում է նաև ռազմատենչ հռետորաբանությունը։

Չնայած, որպես կանոն, անմիջապես պատերազմից առաջ նման ակնհայտ հռետորաբանություն չի կիրառվում՝ հակառակորդին անակնկալ մատուցելու նպատակով։ Բայց սա նաև ազդանշան է, որ կողմերի միջև կան արմատական դժգոհություններ։ Ըստ էության նոր բան չկա ասելու, բացառությամբ՝ հրապարակ եկած պահանջներին և որոշ հստակություններին, որոնք էական իրավիճակ չեն փոխում բանակցային գործընթացում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս