Երբ է ճիշտ ասում և երբ է մանիպուլյացիաներ անում վարչապետը. Հայկ Մամիջանյան
«Կոռուպցիայի դեմ՝ բռնելով չեն պայքարում: Ես նույնիսկ չեմ անդրադառնա մի քանի փոխնախարարների, բարձրաստիճան անձանց ձերբակալություններին: Նորմալ է, մարդիկ հանցագործություն են կատարել՝ ձերբակալվել են, խնդիր չկա: Կոռուպցիայի դեմ պայքարում են ինստիտուցիոնալ գործիքներ ստեղծելով, իսկ ՀՀ կառավարությունը մեկ տարի կառավարելու ընթացքում չհասցրեց ստեղծել էթիկայի հանձնաժողովին համարժեք կառույց, որը Սահմանադրությամբ նախատեսված էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:
«Երբ խոսում ենք սպասելիքների մասին՝ ՀՀ վարչապետը շատ խրոխտ, հպարտ խոսում է այն մասին, որ Հայաստանում հիպոթեքային վարկերի բում է, բայց ինչո՞ւ չի ասում, որ 37 տոկոս սպառողական վարկերի աճ է գրանցվել: Հիպոթեքային վարկը տուն գնելու առումով հաջող վարկավորման տեսակ է, բայց սպառողական վարկը օրվա կարիքները հոգալու խնդիր է լուծում: 37 տոկոս աճ է գրանցվել, այստեղ ի՞նչ լավատեսություն»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է ներդրումներին՝ Հայկ Մամիջանյանը նկատեց.
«Եթե նկատել եք՝ Կառավարության նիստերի ժամանակ այս կամ այն կազմակերպություններին տրվում են հարկային արտոնություններ: Եվ խոստումը, որը կատարվում է որևէ ապրանքատեսակ Հայաստան ներկրելուց առաջ, ներկայացնում են՝ որպես ներդրում: Կառավարությունն իրականացնում է հետաքրքիր գյուղատնտեսական ծրագրեր, բայց միևնույն ժամանակ՝ 27 անգամ նվազեցնում է գյուղոլորտին տրվող սերմացուի, պարարտանյութի, դիզվառելիքի օգնությունը: Ինձ համար սա անհասկանալի է»:
Անդրադառնալով օրերս տրանսգենդերի՝ ԱԺ ամբիոն բարձրանալուն ու ելույթ ունենալուն, Հայկ Մամիջանյանն ասաց.
«Վարչապետը երբ մեր կուսակցությանն անվանում է գեյ-ակտիվիստ, ուզում եմ հիշեցնել «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր անդամ Լարա Ահարոնյանին, ով մարտի 8-ին Լենա Նազարյանի նախագահած նիստի ժամանակ խոսում էր ոչ տրադիցիոն սեռական կողմնորոշում ունեցող կանանց իրավունքների պաշտպանության մասին: Ինչ վերաբերում է նրան, թե ՀՀԿ-ի ժամանակ են տրանսգենդերին անձնագիր տրամադրել, ապա ՀՀ օրենքով մարդն իրավունք ունի գնալ անձնագրային բաժանմունք ու իր անունը փոխել՝ դնելով Շիշ, Ջերմուկ կամ Սափոր: Դա նրա ցանկությունն է»:
Անի Կարապետյան