
«Պարոն Սիմոնյան, Դուք իմ պայքարի ընկերն եք, բայց այս ամենի մասին պետք է բարձրաձայնեմ». «Իմ քայլի» պատգամավոր

Ազգային ժողովում քննարկում են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ներկայացրած Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է նաև փակել բուքմեյքերական գրասենյակները՝ դրանց գործունեությունը թույլ տալով միայն կոնկրետ քաղաքներում, սակայն դրան դեմ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Հ. Սարգսյանը հայտարարեց, որ կողմ է վիճակախաղերի արգելափակմանը, սակայն, քանի որ դրանց մեծ մասը տեղի են ունենում օն-լայն տիրույթում, ինքը կտրականապես դեմ է թեկուզ մեկ գրասենյակ փակելուն.
«Պարոն Ալեն Սիմոնյանն ասում է, որ Բժշկական համալսարանի դիմաց կա գրասենյակ, որտեղ կարող են խաղադրույք կատարել: Բայց պարոն Սիմոնյան, մենք մոռանում ենք, որ համալսարանի հենց լսարանում կարող են խաղադրույք կատարել:
Այսինքն, մենք թողնում ենք, որ մարդը դասախոսության ժամանակ լսարանում խաղադրույք կատարի, սակայն ասում ենք՝ չանցնի դիմացի մայթ և խաղադրույք կատարի:
Երբ մենք սկզբից ասում էինք, որ գրասենյակները փակելով բյուջեին միլիարդների վնաս ենք տալու, քանի որ մարդիկ գնալու են օն-լայն տիրույթ, պարոն Սիմոնյանն ասում էր՝ դժվար է հեռախոսով խաղադրույք անելը:
Իսկ 5 րոպե հետո նա իր առաջարկած մտքին հակասեց՝ ասելով բոլորի մոտ էլ հեռախոս կա, ինչու պետք է մարդը մտնի սև շուկա, հեռախոսով կանի:
Պարոն Սիմոնյան, խնդրում եմ մի հակասեք ինքներդ Ձեզ: Ես Ձեզ շատ եմ հարգում, Դուք իմ պայքարի ընկերն եք, այդպիսին էլ կմնաք, սակայն ես չեմ կարող իմ խղճի առաջ լինել ազնիվ, եթե այս ամենի մասին չբարձրաձայնեմ»: