
Ճապոնիայում F-35 կործանիչ է կորել

Ճապոնիայում կորել է Ինքնապաշտպանության օդուժի հինգերորդ սերնդի F-35A կործանիչ-ռմբակոծիչը: Այդ մասին գրել է Asahi Shimbun-ը:
Նրա տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը ռադարներից կորել է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 19:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:30-ին):
Նշվում է, որ նա օդ էր բարձրացել Աոմորի պրեֆեկտուրայի Միսավայի ռազմակայանից եւ վարժական թռիչք էր կատարում: Այն պահին, երբ կործանիչի հետ խափանվել է կապը, նա գտնվում էր Խաղաղ օվկիանոսի ջրերի վրա՝ օդանավակայանից մոտավորապես 135 կիլոմետր արեւելք ընկած շրջանում:
F-35A-ում գտնվում էր մեկ օդաչու: Mainichi թերթը նշում է, որ կործանիչը, ամենայն հավանականությամբ, կործանվել է: Ներկայում կազմակերպվել է որոնողափրկարարական գործողություն: F-35A կործանիչները Միսավայի ավիաբազայում տեղակայվել էին անցյալ տարվա սկզբին: