Բաժիններ՝

«Սպայկան» նախկին խաղի կանոններով գործելու համա՞ր է պատժվում

«Եթե մենք խոսում ենք մի երևույթի մասին, ինչը հարկային պարտավորությունները պատշաճ ձևով կատարելն է, և հարկային պարտավորությունների չկատարման դեպքում, երբ դա բացահայտվում է, ինչ-ինչ սուբյեկտներ ասում են՝ մենք կդադարեցնենք մեր գործունեությունը, այո՛, սա շանտաժ է և առնվազն անազնիվ վարգածիք բոլոր այն պատշաճ հարկ վճարողների նկատմամբ, որոնք այդ շուկաներում գործում են և իրենց ձևով պատշաճ հարկեր են վճարում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության շուրջ զարգացումներին:

Ըստ նրա՝ նախկին իշխանությունների օրոք հնարավորություն է եղել շրջանցել այս խաղի կանոնները, սակայն ներկա իշխանությունը չի հանդուրժի նման վարքագիծ:

168.am-ի դիտարկմանը, որ փաստորեն այժմ «Սպայկան» պատժվում է նախկին խաղի կանոններով գործելո՞ւ համար, Ա.Մանուկյանը պատասխանեց, որ նույն կերպ կարելի է խոսել «Երևան Սիթի» խանութների ցանցի և ԱԱԾ-ի պատմության մասին, բայց այդ բոլոր խաղի կանոները եղել են օրենսդրության տառին չհետևելու հետևանքով:

Նա հարցադրում արեց՝ հիմա մենք ի՞նչ ենք ուզում՝ խաղի կանոններ՝ համաձայնությունների՞ հիման վրա, թե՞ օրենսդրությունից բխող խաղի կանոններ.

«Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ձգտենք նրան, որ չլինեն արտոնյալներ և լինեն օրենսդրության հիման վրա խաղի կանոններին հետևողներ: Սա, ի դեպ, չափազանց կարևոր է երկրի մրցունակության բարձրացման համար, որովհետև երբ խաղի կանոնները թափանցիկ են, էն ներդրողը, որին հետաքրքիր չէ, թե ով է այս պահին կառավարությունը, վերցնում ու նայում է օրենքը, էն ներդրողը, որին հետաքրքրում է, թե ով է կառավարությունը, նա իրոք փնտրում է խաղի կանոնները»:

Մեր հարցին՝ պետք չէ՞ արդյոք կարմիր գիծ գծել, որից հետո բոլորը կշարժվեն օրենքով, Մանուկյանը պատասխանեց, որ այժմ գծվում է այդ գիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս