«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի». անգլիական ո՞ր ակումբը կհաջողի
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մասնակիցների կեսն Անգլիայից են, և պատահաբար չէ, որ խաղերից մեկը զուտ դասական անգլիական դիմակայություն է՝ «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի»:
«Տոտենհեմ»
Լոնդոնյան ակումբը ներկայումս այս մրցաշրջանի լավագույն ժամանակաշրջանը չի անցկացնում: Ընդամենը մեկ ու կես տարի առաջ թվում էր, որ լոնդոնցիները գրեթե ապահովել են Պրեմիեր լիգայի 3-րդ հորիզոնականը, սակայն մի շարք անհասկանալի հանդիպումներ թույլ են տվել մրցակիցներին հասնել «Տոտենհեմին»:
«Տոտենհեմը» հաջողություն ունեցավ Չեմպիոնների լիգայում, որտեղ թիմն անցավ «Բորուսիա» Դորտմունդին և հասավ քառորդ եզրափակիչ: Չնայած լոնդոնյան ակումբի հաղթելու հավանականությունն ամենափոքրերից է:
Ընդհանուր դիմակայությունում հաջողության հասնելու համար Պոչետինոյի սաները պետք է լավ արդյունք գրանցեն տնային խաղում:
Լոնդոնյան ակումբն անգլիական թոփ-ակումբների հետ խաղում վաստակել է միայն 7 միավոր: Պոչետինոյի թիմը հաղթեց «Չելսիին» (3:1), իսկ արտագնա խաղում ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին» (3:0): Սակայն խաղերի մեծ մասում «Տոտենհեմը» պարտվեց: Մրցակցի հարկի տակ թիմը պարտվեց «Արսենալին» (2:4) և «Չելսիին» (0:2), «Լիվերպուլին» (1:2), իսկ տանը՝ կրկին «Լիվերպուլին» (1:2), «Մանչեսթեր Սիթիին» (0:1) և «Մանչեսթեր Յունայթեդին» (0:1):
Այս խաղում հաստատ չի խաղա վնասվածք ունեցող Էրիկ Լամելան: Հարցականի տակ է Սերժ Օրիեի, Էրիկ Դայերի և Ֆերնանդո Լյորենտեի մասնակցությունը:
«Մանչեսթեր Սիթի»
Գվարդիոլայի և իր թիմի մասին ասելու շատ բան չկա, քանի որ ամեն ինչ պարզ է: Թիմն Անգլիայի առաջնությունում դեռ զիջում է Յուրգեն Կլոպի «Լիվերպուլին», սակայն խաղում է գրեթե առանց խնդիրների և ունի 1 պահեստային հանդիպում, որը հաղթելու դեպքում կլինի առաջին հորիզոնականում:
Սա Պեպ Գվարդիոլայի թիմի համար հերթական շատ լավ մրցաշրջանն է: Թիմն արդեն հաղթել է Անգլիայի լիգայի գավաթը, իսկ Անգլիայի գավաթում էլ «Մանչեսթեր Սիթին» մեկ քայլ արել է արդեն դեպի հաղթանակը՝ կիսաեզրափակչում հաղթելով «Բրայթոնին» (1:0):
Թոփ-ակումբների հետ խաղերում «Մանչեսթեր Սիթին» բավականին լավ տեսք ունի: Միայն հենց «Չելսին» էր, որ կարողացավ հաղթել «Մանչեսթեր Սիթիին»: «Արսենալին» Գվարդիոլայի սաները հաղթեցին երկու անգամ՝ 3:1 և 2:0 հաշիվներով, «Տոտենհեմին»՝ 1:0, իսկ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 3:1:
Ի տարբերություն իր մրցակցի, «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը շատ հավանական է: Հենց այս ակումբն է կատալոնական «Բարսելոնայի» և Թուրինի «Յուվենթուսի» հետ համարվում այս տարվա հիմնական ֆավորիտը:
Այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթին» պարտվել է միայն մեկ անգամ: Դա եղել է խմբային փուլի առաջին խաղում՝ «Լիոնի» հետ (1:2) և սեփական հարկի տակ: Հետագայում թիմը հաղթեց 7 խաղերից 6-ում: Ճանապարհին Գվարդիոլայի ֆուտբոլիստները հաղթել են «Հոֆենհեյմին» (2:1), «Շախտյորին» (3:0) և «Շալկե 04»-ին (3:2): Միակ ոչ-ոքին անգլիացիները խաղացել են «Լիոնի» հետ (2:2):
Անգլիացիների լազարեթում են Կլաուդիո Բրավոն և Ալեքսանդր Զինչենկոն: Հարցականի տակ է Ֆաբիան Դելֆի մասնակցությունը:
Վիճակագրություն
- «Տոտենհեմը» Չեմպիոնների լիգայի տնային 4 խաղերում հաղթել է 3 անգամ:
- Առաջնության առաջին շրջանում «Մանչեսթեր Սիթին» 1:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:
- «Մանչեսթեր Սիթին» վերջին 3 պաշտոնական խաղերում հաղթել է «Տոտենհեմին»:
Թիմերը սովորաբար արդյունավետ ֆուտբոլ են ցուցադրում և, չնայած զգուշավոր ֆուտբոլին, այս հանդիպման ժամանակ ևս պետք է սպասել գոլեր՝ երկու կողմերից:
Այժմ թիմերի հարձակման հետ ամեն ինչ կարգին է: «Տոտենհեմի» շարքերում է Հարի Քեյնը, որը Չեմպիոնների լիգայի յոթ խաղերում հինգ գոլ է խփել: «Մանչեսթեր Սիթին» գոլ բաց է թողնում Չեմպիոնների լիգայի գրեթե յուրաքանչյուր տնային հանդիպումների ժամանակ, սակայն ավելորդ է խոսել «քաղաքայինների» հարձակման մակարդակի մասին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան