ԱՄՆ-ը ԵՄ-ին նախազգուշացրել է եվրոպական ապրանքների վրա մաքսեր սահմանելու մասին
ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի գրասենյակը հրապարակել է եվրոպական արտադրության ապրանքների նախնական ցուցակը, որոնց արտահանումը Միացյալ Նահանգներ կհարկվի բարձրացված մաքսերով, եթե Եվրամիությունը շարունակի դրամատրել Airbus ընկերությանը։
«Մեր վերջնական նպատակը Եվրմիության հետ համաձայնության հասնելն է խոշոր քաղաքացիական ինքնաթիռների կառուցման՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ չհամաձայնեցված բոլոր լրահատկացումների դադարեցման շուրջը: Երբ ԵՄ-ն դադարեցնի այդ լրահատկացումները, ԱՄՆ-ի լրացուցիչ մաքսերը, որոնք սահմանվել են որպես պատասխան միջոցներ, կարող են չեղյալ հայտարարվել»,- ասված է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի՝ տարածված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշված է, որ լրացուցիչ մաքսերի սահմանումը միտված է այն բանին, որ փոխհատուցվի այն 11 միլիարդ դոլարի տարեկան վնասը, որն ԱՄՆ-ը կրում է Եվրամիության կողմից Airbus-ի դրամատրումից: Մաքսերը կսահմանվեն Ֆրանսիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ապրանքների համար: Դրանց թվում են՝ խոշոր օդանավերը եւ դրանց համալրող մասերը, մի ամբողջ շարք սննդամթերքներ եւ գինին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: