
Արձանագրվել է թունավորման 15 դեպք, որի հետևանքով մահացել է 3, տուժել՝ 33 քաղաքացի

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 295 դեպք, որից 137-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 116 կենցաղային կանչ, 47 հրդեհ, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 23 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 15 դեպք, որի հետևանքով զոհվել է 3, տուժել՝ 33 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: