
Փաշինյանը հույս հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ երկուստեք հնարավոր կլինի երաշխավորել գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ մարդասիրական գործողությունների շրջանակում հնարավոր կլինի Ադրբեջանի հետ երկուստեք երաշխավորել գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում «Իմ քայլը»-ի հետ փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպման ընթացքում մարդասիրական գործողություններ իրականացնելու պայմանավորվածությանը:
«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք երկուստեք երաշխավորել գյուղացիական աշխատանքների անվտանգությունը: Եվ մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը չեն կրակի որևէ քաղաքացիական անձի, առավել ևս՝ գյուղատնտեսական աշխատանքների իրականացնողների ուղղությամբ: Եթե Ադրբեջանը վերահաստատի այս պատրաստակամությունը, սա կարող ենք իրագործել»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով` կան նաև մարդասիրական մի քանի այլ հնարավոր միջոցառումներ:
Վարչապետը շեշտեց, որ Վիեննայի հանդիպման վերաբերյալ համանախագահների և արտգործնախարարի տարածած հայտարարության տեքստը, բնականաբար, ինքը նախապես տեսել և համաձայնություն է տվել: Նա նշեց, որ հաստատում է այնտեղ հնչած ամեն բառը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Վիեննայում մարտի 29-ին: