Թեհրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է ԻՀՊԶ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հետևանքների մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ին նախազգուշացրել է այն բացասական հետեւանքների մասին, եթե Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահպանների զորակազմը (Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) ներառի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
«(Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կողմնակիցները), որոնք վաղուց հանդես են գալիս ԻՀՊԶ-ն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին, լիովին գիտակցում են նման որոշման հետեւանքները տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի համար: Նրանք ձգտում են ԱՄՆ-ին ներքաշել ճահիճը»,-գրել է Զարիֆը Twitter-ի իր էջում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դիմակայի ԱՄՆ-ին «հերթական աղետի մեջ» ներքաշելու փորձերին:
Ավելի վաղ Wall Street Journal թերթը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների, հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է ԻՀՊԶ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Հիշմաթուլլահ Ֆալահատպիշեն ավելի ուշ հայտարարել է, որ ի պատասխան Իրանը կարող է ԱՄՆ-ին զինված ուժերին տեղավորել իր ահաբեկչական «սեւ ցուցակում», որտեղ արդեն գտնվում է «Իսլամական պետությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: