Բաժիններ՝

Լիբիայի փոխվարչապետը հրաժարական է տվել և աջակցություն հայտնել մարշալ Խաֆթարին

Լիբիայի կառավարության փոխվարչապետ Ալի Ֆարաջ ալ Կատրանին հայտարարել է հրաժարականի մասին եւ աջակցություն հայտնել լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարի ռազմական գործողությանը: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Ըստ նրա տեղեկությունների, ալ Կատրանին Խաֆթարի ռազմական գործողությունը համարել է «ազատագրական» եւ քննադատել Լիբիայի կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի քաղաքականությունը, որը, ալ Կատրանիի խոսքով, Տրիպոլիում համագործակցում է զինյալների հետ:

Անցած շաբաթ Խաֆթարը հայտարարել է Տրիպոլիի վրա լիբիական ազգային բանակի հարձակման սկսվելու մասին: Ըստ վերջին տվյալների, ռազմական գործողության ընթացքում զոհվածների թիվը հասել է 32-ի, եւս շուրջ 50 հոգի վերքեր են ստացել: Տարհանվել է մի քանի հազար մարդ:

Ներկայում Լիբիայում պահպանվում է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:

Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում է մարշալ Խալիֆա Խաֆթարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս