Դեսպան Վարդանյանը Վիետնամում պարգևատրվել է «Խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության» հուշամեդալով
Հանոյի Բարեկամության պալատում ապրիլի 5-ին կայացել է Վիետնամական բարեկամության միությունների կազմակերպության (The Vietnam Union of Friendship Organizations) «Խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության» հուշամեդալով Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանի պարգևատրման արարողությունը։ Մրցանակը հանդիսանում է Վիետնամական բարեկամության միությունների կազմակերպության բարձրագույն պարգևը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, պարգևատրման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Վիետնամի բարեկամության միությունների կազմակերպությունների նախագահ, դեսպան Նգույեն Ֆուոնգ Նգան (Nguyen Phuong Nga) և Հայ-վիետնամական բարեկամության կազմակերպության նախագահ Նգույեն Վան Տուանը (Nguyen Van Thuan)։
Դեսպան Վարդանյանն իր խոսքում նշել է, որ Վիետնամի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական ավանդույթների և արժեքների վրա, ինչպես նաև անդրադարձել է տնտեսության, առևտրի, կրթության, տեխնոլոգիաների փոխանակման, մշակույթի ոլորտներում երկու երկրների միջև դինամիկ զարգացող համագործակցությանը։