Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանը ամբաստանյալից պահանջել է ասել, որ իր «մահափորձի» պատվիրատուն Մաքսիմ Հակոբյանն է. փաստաբան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վրա ենթադրյալ մահափորձի գործով հերթական դատական նիստը։

168.am-ին ուշագրավ տեղեկություններ հասան այդ դատական նիստից։ Մենք զրուցեցինք գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի հետ, ով խոսեց այդ գործով նոր զարգացումների մասին։

«Իրականությունն այն է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բեմականացրել է սպանության փորձ, որն իրականացնելու համար պայմանավորվել է մյուս ամբաստանյալի` Հենրիկ Ավագյանի հետ։ Այդ սպանության փորձի բեմականացումն իրականացնելու համար Սուրիկ Խաչատրյանը վերջինիս խոստացել է, որ նա կդառնա Սյունիք համայնքի ղեկավար»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։

Նա նշեց նաև, որ Սյունիքի նախկին մարզպետի նպատակը եղել է այն, որ որոշակի անձանց ներգրավի այդ գործի մեջ։

«Մասնավորապես, նախաքննության ավարտական փուլում գնացել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ իմ պաշտպանյալի` Գարեն Աթաջանյանի մոտ և սպառնացել ու պահանջել, որ վերջինս, որպես պատվիրատու, պետք է տա նաև Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի անունը, և եթե չհամաձայնի այդպես անել, ցմահ կմնա բանտում»։

Ըստ փաստաբանի՝ Սուրիկ Խաչատրյանն իր պաշտպանյալին ասել է՝ իբրև թե իր նշածը համաձայնեցված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ «Իմ պաշտպանյալը, բնականաբար, չի համաձայնել, որից հետո Սուրիկ Խաչատրյանը դուրս է եկել։ Այսօր այդ մասով ցուցմունք տվեց, հետագայում էլի կլինեն գործողություններ այդ մասով անելու»,- ասաց Գարեն Աթաջանյանի պաշտպանը։

168.am-ի այն դիտարկմանը, թե փաստորեն մեղադրանքը որևէ կերպ չի հիմնավորվում, Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իրենց մինչև այդ էլ պարզ էր, որ խոսքը բեմականացման մասին է, քանի որ գործում էլ այդպիսի փաստաթղթեր կան, որոնց ոչ ոք ուշադրություն չի դարձրել` հավելելով, որ դա ոչ թե իր պաշտպանյալի մերկապարանոց հայտարարությունը կամ սուբյեկտիվ կարծիքն է, այլ հիմնավորվում է քրեական գործի փաստական տվյալներով։
Մեր այն հարցին, թե ինչպիսին է դատախազության դիրքորոշումը, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, որ դեռևս հստակ դիրքորոշում չի կարող ասել։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ս/թ ապրիլի 19-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս