Բրիտանական հեղինակավոր Diplomat ամսագիրը դեսպան Արման Կիրակոսյանի մասին հոդված է հրապարակել
Բրիտանական հեղինակավոր Diplomat ամսագիրը հոդված է հրապարակել Արման Կիրակոսյանի մասին՝ որպես Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպանի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Հոդվածում ներկայացվում է Արման Կիրակոսյանի՝ որպես նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայության հիմնադիրներից մեկի, Հունաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում և Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում ՀՀ դեսպանի, ինչպես նաև ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնում անցած դիվանագիտական ճանապարհը, իր գիտական աշխատանքը, Հայկական հարցին և հայ-բրիտանական հարաբերություններին վերաբերող նրա գրքերն ու աշխատությունները: Ներկայացվում է նաև ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ, տարածաշրջանային խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ ՀՀ մոտեցումները:
Հոդվածում արծարծվում են ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը և դրանց զարգացման և ընդլայնման ուղղությամբ դեսպանի ընդհանուր տեսլականը:
Հոդվածում նշվում է, որ Բրիտանական կառավարությունը շարունակում է ակտիվ ծրագրեր իրականացնել Հայաստանում, և այժմ երկու երկրները փորձում են ուղիներ գտնել փոխգործակցությունն առավել խորացնելու ու զարգացնելու համար: «Մենք պետք է հնարավորինն անենք, որպեսզի Հայաստանն ավելի տեսանելի դարձնենք Մեծ Բրիտանիայի և բրիտանական հասարակության համար: Պետք է ներկայացնենք մեր պատմությունը՝ հատկապես հաշվի առնելով անցած տարի Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ու նոր կառավարության կողմից տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը», – մեջբերվում են դեսպան Արման Կիրակոսյանի խոսքերը:
Տեղեկանք. 1947թ.-ին հիմնադրված հեղինակավոր Diplomat ամսագիրը տարածվում է Լոնդոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև կառավարական և խորհրդարանական լայն շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ: