Բաժիններ՝

«Մենք մնալու ենք սոված, եթե «Սպայկայի» խաթրին կպնեն». «Սպայկայի» ղեկավար Դավիթ Ղազարյանը շոկի է ենթարկվել ՊԵԿ-ի մեղադրանքներից

«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը շոկի է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչության կողմից իրեն ներկայացված մեղադրանքներից։ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որի պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Ընկերությանը պատկանող «Սամբիել» պանրի գործարանում այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Դ.Ղազարյանը հայտարարեց, որ դեռևս անցած տարի հուլիսին ընկերությունում սկսված ստուգումների արդյունքում՝ «Սպայկան» ճշգրտումներ է կատարել 2 մլրդ դրամի չափով, որը մինչև դեկտեմբեր մասամբ մարվել է։ Ըստ նրա՝ իրենք գնացել ենք այդ «կոմպրոմիսին» առանց հաշվարկների՝ միայն նրա համար, որպեսզի խուսափեն քաոսից ու բանկրոտից։ Սակայն, Դ.Ղազարյանի խոսքով, երեկ իրեն հրավիրել են ՊԵԿ ու միանգամից մի մեծ հատորով կալանքի միջնորդություն են ներկայացրել՝ տպված ու պատրաստված փաստաթղթեր։

Այսինքն, Դ.Ղազարյանի պնդմամբ, ՊԵԿ-ին չի հետաքրքրել իր դիրքորոշումը, և կալանավորման միջնորդությունը նախապես են մշակել։

Դ.Ղազարյանի խոսքով՝ մեղադրանքների իրական հասցեատերը «Գրինպրոդուկտ» ընկերությունն է, և ՊԵԿ-ը՝ իր փոխարեն, դրա ղեկավարին պետք է դիմեր, եթե գտնում է, որ Հայաստան ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, և արդյունքում բյուջե չի վճարվել 7 մլրդ դրամից ավելի մաքսատուրք և հարկ։ Ըստ նրա՝ այդ գումարի մոտ 5.5 մլրդ դրամն ԱԱՀ է, որը պետությունն արտահանված ապրանքի դիմաց պետք է հետ վերադարձնի ընկերությանը, իսկ 1.5 մլրդ-ն ընդամենը փորձագիտական եզրակացություն է, և ոչ թե՝ հստակ հաշվարկ. «Էս ամբողջ ծավալուն աշխատանքը կատարվել է 3 օրվա ընթացքում։ Դա սենսացիա ա, սենսացիա»։

Դ.Ղազարյանը հերքեց ՊԵԿ պնդումը, թե «Սպայկան» որևէ առնչություն ունի «Գրինպրոդուկտի» հետ, և այդ ընկերությունն իրականում «Սպայկայի» տնօրինության կողմից է կառավարվում։ Լրագրողների բազմաթիվ հարցադրումներին, թե ո՞վ է «Գրինպրոդուկտի» ղեկավարը, Դ.Ղազարյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց։

Պետական ռեգիստրում որպես «Գրինպրոդուկտի» հիմնադիր՝ գրանցված է Կարեն Առուստամյանը։

Ասուլիսից հետո 168.am-ին «Սպայկայի» աշխատակիցներից մեկն ասաց, որ այդ ընկերության ղեկավարը «Սպայկայի» նախկին աշխատակից է։

Ինչևէ, Դ.Ղազարյանը պնդում է, որ «Սպայկային» դիտավորյալ են հետապնդում՝ վարկաբեկելու և «ջարդելու» համար. «Ես քաղաքական մարդ չեմ, կուսակցական չեմ ու չեմ էլ ուզում: Հիմա էլ 7 մլրդ դրամի մասին է հայտարարում ՊԵԿ-ը: Դրանք շինծու թվեր են, թիվն ուռճացրել են, որ ժողովրդի համար սիրուն լինի: Պետք է Անանյանին հարց տալ, թե 7 միլիարդն ի՞նչ թիվ է»:

Դ.Ղազարյանը հայտնեց, որ Եվրասիական զարգացման բանկը շուրջ 100 մլն դոլար վարկ պետք է տրամադրեր «Սպայկային», սակայն երեկվա դեպքերից հետո զանգահարել և տեղեկացրել են, որ կասեցնում են գործարքը: Այս իրավիճակը, նրա կարծիքով, հարվածում է ոչ միայն ընկերությանը, այլև հանրապետության հեղինակությանը։ Միաժամանակ նա հերքեց, թե ընկերությունը որևէ առնչություն ունի Ռոբերտ Քոչարյանի կամ Միքայել Մինասյանի հետ։

Դ.Ղազարյանը հայտարարեց, որ անգամ իր կալանավորման դեպքում ընկերությունը պետք է աշխատի բնականոն հունով, բայց մթերումներ չեն իրականացվի:

Ասուլիսից հետո Դ.Ղազարյանն իր փաստաբանների հետ մեկնեց դատարան, որտեղ լսվելու էր իր կալանավորման հարցը։ Գործարանի բակում հավաքված աշխատակիցներն ու «Սպայկայի» հետ համագործակցող գյուղացիները Ղազարյանին ողջունեցին՝ նրա անունը վանկարկելով։

«Եթե մեկը կա, որ էս հիմնարկի խաթրին պետք է կպնի, ինքը սրիկա ա», «եթե 2011 թ.-ից հաշվենք, Ղազարյան Դավիթը իսկապես համազգային հերոս է», «մենք մնալու ենք սոված, եթե «Սպայկայի» խաթրին կպնեն»,- տարբեր կողմերից հայտարարեցին հավաքվածները։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս