«Մենք մոտ ենք գործարք կնքելուն». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում Չինաստանի հետ առեւտրական տարաձայնությունների շուրջը բանակցություններում հաջողվել է առաջնթացի հասնել։
«Մենք մոտ ենք գործարք կնքելուն: Դա չի նշանակում, թե այն արդեն գոյություն ունի, քանի որ այն դեռեւս չկա, բայց մենք, անտարակույս, դրան շատ ավելի ենք մոտեցել»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը: Նա նշել է.
«Կարծում եմ, որ հաջորդ չորս շաբաթվա ընթացքում, հնարավոր է, ավելի վաղ կամ ավելի ուշ, ինչ էլ որ լինի, կարող է հայտարարվել ինչ-որ մոնումենտալ բանի մասին»: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը նույնպես կարծում է, որ բանակցություններում հաջողվել է լրջորեն առաջ շարժվել ԱՄՆ-ի հետ առեւտրական համաձայանագրի տեքստի պատրաստման ուղղությամբ, որը քննարկվում է երկկողմ բանակցություններում:
«ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն իր ամերիկացի պաշտոնակցին հղած ուղերձում հայտարարել է, որ չին-ամերիկյան առեւտրատնտեսական համաձայնագրի տեքստի պատրաստման էական առաջընթաց է ձեռք բերվել»,- նշել է «Սինհուա» գործակալությունը:
Չինաստանի ղեկավարի բանավոր ուղերձը Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպմանը փոխանցել է ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, որը բանակցություններում գլխավորում է Չինաստանի պատվիրակությունը: Նա նույնպես նշել է ձեռք բերված առաջընթացը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: