
Ճապոնացիները դժգոհ են «Ռեյվա» նոր ժամանակաշրջանի առթիվ 10-օրյա արձակուրդից

Ճապոնիայի բնակիչները խիստ անհանգստությամբ են սպասում գալիք արձակուրդին, որը կտեւի 2019 թվականի ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 6-ը: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը:
Մասնավորապես, այդ երկարատեւ հանգստյան օրերի համար ուրախ չեն այն աշխատակիցները, որոնք աշխատում են ըստ ժամավճարով եւ օրավճարով պարտավորագրերի:
Նրանք անհանգստացած են, որ իրենց եկամուտը խիստ կկրճատվի: «Ասահի սիմբուն» թերթի հարցման համաձայն՝ ճապոնացիների 45 տոկոսը հայտարարել է, որ «ուրախ չէ» տեւական արձակուրդի համար:
«Եթե անկեղծ ասեմ՝ ես պարզապես չգիտեմ, թե ինչպես անցկացնեմ ժամանակը, երբ անսպասելիորեն տասնօրյա արձակուրդ են տրամադրում»,- մեջբերում է The Guardian-ը 31-ամյա ճապոնացի Սեյսյու Սատոյի կարծիքը: Ճապոնիայի Expedia Japan տուրիստական գործակալության հետազոտությունը ցույց է տվել, որ ճապոնացիները տարվա ընթացքում վերցնում են ամենակարճատեւ արձակուրդը 19 այլ երկրների բնակիչների համեմատությամբ: Այսպես, միջին հաշվով ճապոնացին տարվա ընթացքում արձակուրդ է գնում ընդհանուր առմամբ միայն 10 օրով, հաղորդել է «Ինտերֆաքսը»: