Բաժիններ՝

Ավստրալիան օրենք ընդունել է սոցցանցերում բռնության տեսարանների համար քրեական պատասխանատվության մասին

Ավստրալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը բանտարկություն է նախատեսում այն մեդիաընկերությունների ղեկավարների համար, որոնք իրենց պատկանող սոցիալական ցանցերից օպերատիվորեն չեն հեռացնի բռնության տեսարաններ բովանդակող նյութերը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Օրենքն ուժի մեջ է մտել խորհրդարանի կողմից ընդունվելուց անմիջապես հետո: Այժմ ընկերությունները պետք է անհապաղ հեռացնեն սոցիալական ցանցերում զետեղված բոլոր այն տեսագրություններն ու լուսանկարները, որոնցում պատկերված են սպանությունների, խոշտանգումների կամ բռնաբարությունների տեսարաններ: Հակառակ դեպքում նրանց սպառնում է տուգանք ընկերության տարեկան շրջանառության մինչեւ 10 տոկոսի չափով եւ բանտարկություն մինչեւ երեք տարի ժամկետով: Սոցիալական ցանցերում նման նյութերի հայտնվելու մասին ընկերություններն իրենք պարտավոր են անհապաղ հայտնել ոստիկանությանը:

Նոր օրենքին ավստրալացի խորհրդարանականները հավանություն են տվել Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից երկու շաբաթից փոքր-ինչ ավելի անց, որտեղ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը հրաձգություն սարքեց մզկիթներում:

Ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվեց 50 մարդ, եւս 50 վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոցներ: Գրոհի ժամանակ Թարանթը մի քանի րոպե հարձակման ուղիղ հեռարձակում է վարել Facebook-ի իր էջում: Սոցցանցի ներկայացուցիչները հայտարարել են, որ ողբերգության օրը հեռացրել են 1,5 միլիոնից ավելի տեսագրություններ, որտեղ ցուցադրված էր ահաբեկչական գործողությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս