
Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների վրա

Չինաստանում դանակով զինված տղամարդը Հունանի նահանգում հարձակվել է տարրական դպրոցներից մեկի աշակերտների վրա: Այդ մասին հայտնել է South China Morning Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 3-ի առավոտյան Նինյուան գավառի Բայցզյապին բնակավայրում: Հարձակման հետեւանքով զոհվել է երկու դպրոցական, եւս երկու մարդ տուժել է: Նրանց հասցրել են հիվանդանոց:
Նշվում է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը տեղի ունեցածի կապակցությամբ ձերբակալել է Չժեն անունով տեղի 31-ամյա բնակչին: Ներկայում հետաքննությունը շարունակվում է: Տեղի ունեցածի այլ մանրամասներ, ինչպես նաեւ հարձակման դրդապատճառները չեն հաղորդվում: