ՄՏՍ խումբը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանն ընդունել է խմբի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ին ընդունել է ռուսաստանյան ՄՏՍ խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյային և փոխնախագահ Անդրեյ Սմելկովին: Հանդիպմանը ներկա էր նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը կարևորել է ՄՏՍ-ի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը և նորարարական տեխնոլոգիաների տարածմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն առաջնահերթություն է համարում թվային ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացումը՝ նպատակ ունենալով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր: Խոսելով գործարար միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված բարեփոխումների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակը ներդրումային դաշտի թափանցիկության բարձրացումն է և բիզնես-կառավարություն համագործակցության նոր մշակույթի ներդրումը: «Մենք շահագրգռված ենք, որ բիզնեսը հնարավորինս հաջողի և ավելի շատ հարկեր վճարի, հարստանա և հարստացնի», – ասել է կառավարության ղեկավարը:

Ալեքսեյ Կոռնյան շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ կառավարության բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվելու համար և գոհունակություն հայտնել Հայաստանում իր գլխավորած ընկերության ծրագրերի ընթացքի, ինչպես նաև ՀՀ կառավարության, մասնավորապես, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ փոխգործակցության կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ ՄՏՍ-ը, հաշվի առնելով հայաստանյան շուկայի առավելությունները ՏՏ ոլորտում, մտադիր է ընդլայնել մեր երկրում գործունեության շրջանակը և նոր ծրագրեր իրականացնել նաև թվային շուկայի զարգացման, ծրագրային ապահովման, սպասարկման ոլորտներում: Ալեքսեյ Կոռնյան նշել է, որ ՄՏՍ խումբը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանում՝ իր նպաստը բերելով ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է «ՄՏՍ»-ի՝ ներդրումների ծավալն ավելացնելու մտադրությունը և վերահաստատել կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հեռահաղորդակցության շուկայի զարգացման, տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավման, կորպորատիվ պատասխանատվության շրջանակում և այլ ուղղություններով ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրների հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունն սպասարկում է բջջային կապի ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ռուսաստանյան «Մոբիլնիյե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Տեսանյութեր

Լրահոս