Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների և խաղաղ բնակիչների 23 գործերով սպասվում են ՄԻԵԴ վճիռները

Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների և խաղաղ բնակիչների 23 գործերով սպասվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Թե ե՞րբ ՄԻԵԴ-ը կհրապարակի վճիռները, հայտնի չէ։

Ընդհանուր առմամբ՝ խոշտանգված զինվորականների ու խաղաղ բնակիչների և պատերազմի հետևանքով տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված։

Ա.Ղազարյանի խոսքով՝ մյուս գործերի քննությունը դեռ չի սկսվել, բայց 336 հայցն էլ գրանցված է։

Կարդացեք նաև

«Այդ 23-ին տրվել էր առաջնահերթություն, ՄԻԵԴ-ն արագացված կարգով էր քնում։ Դրանք իրենց բնույթով տարբեր են, վերաբերում են զոհված զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնց մարմինները խոշտանգված էին»,- ասաց Ա.Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ըստ Լեռնային Ղարաբաղի դատախազության, 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի 19 զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել էր 6 քրեական գործ։ 3 առանձին քրեական գործեր էին հարուցվել՝ 19-ամյա եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի, վարորդ Հրանտ Ղարիբյանի և 31-ամյա մայոր Հայկ Թորոյանի գլխատման փաստերով։ Ընդ որում, փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Սլոյանն ու Ղարիբյանը գլխատվել են մահից հետո, մինչդեռ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք։

Լեռնային Ղարաբաղի դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ 15 հայ զինծառայողների ականջները կտրված են եղել, մի քանիսի դեպքում կտրված են եղել մատները, հանված են եղել աչքերը:

Տեսանյութեր

Լրահոս