Brexit-ի հարցում Եվրամիության համբերությունն սպառվում է. Յունկեր
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը Brexit-ի հետ կապված իրավիճակում մեծ համբերություն դրսեւորեց, բայց այն սպառվում է։
«Մենք մեծ համբերություն ցուցաբերեցինք բրիտանացի մեր ընկերների նկատմամբ, բայց նույնիսկ այդ համբերությունն է սպառվում. ես կցանկանայի, որ մի քանի ժամից, մի քանի օրից Մեծ Բրիտանիան համաձայնության գա այն բանի շուրջ, թե ինչ ճանապարհով է այսուհետեւ ընթանալու»,-ապրիլի 1-ին Յունկերի հայտարարությունը մեջբերել է Belga գործակալությունը: Նրա խոսքով՝ «մինչեւ այսօր մենք գիտեինք՝ ինչին է «ոչ» ասում բրիտանական խորհրդարանը, բայց մենք չգիտենք՝ ինչին է նա ասում «այո»:
Ինչ վերաբերում է Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացմանը, ապա Եվրահանձնաժողովի ղեկավարը դա համարում է այն հարցը, որը «վերաբերում է «բացառապես բրիտանացիներին»: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մարտի 29-ին երրորդ անգամ մերժել է Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որն առաջարկել է վարչապետ Թերեզա Մեյը:
Այժմ Բրիտանիան կա՛մ պետք է գործողությունների նոր ծրագիր ներկայացնի Եվրամիությանը, կա՛մ ապրիլի 12-ին լքի ԵՄ-ն: Եթե բրիտանական կառավարությունը միությանն անդամակցության երկարատեւ հետաձգում խնդրի, երկրին հարկ կլինի մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ հավանական է համարում ապրիլի 12-ի «կոշտ» Brexit-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: