Նամակներ հայաստանյան բանտից. «Երբ հույս չկա»
JAMnews-ի «Նամակներ բանտից» նախագիծը սկսվեց մի նամակից, որը խմբագրությունը ստացել էր ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանից: Նա արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Յուրին մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:
Սա Յուրի Սարգսյանի տասնհինգերորդ նամակն է:
Յուրաքանչյուր բանտարկյալ և դատապարտյալ կարող է փախուստ պլանավորել։ Այսպեսէ գրված համար 86153518 քրեական գործի կարճման և իմ հանդեպ քրեական հետապնդում չիրականացնելու մասին Երևան քաղաքի քննչական կոմիտեի որոշման մեջ։ Մեջբերումը պատկանում է «Նուբարաշեն» քրեակատարղական հաստատության ավագ օպերլիազոր Արմեն Սարգսյանին՝ այս գործով վկային։
Համար 86153518 քրեական գործը հարուցվել է իմ բանտակցի կեղծ մատնության հիման վրա անցյալ տարվա հունիսին։ Եվ կարճվել է նույն ամսվա երեսունին հանցակազմի բացակայութան պատճառով։ Սակայն այս մատնությունը բավական էր իմ պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հարցը քննող դատավորին հետաքրքրելու համար։ Եվ հավանաբար ազդել էր նրա բացասական վճռի վրա։
Թե ինչ նպատակ ուներ բանտակիցս, չգիտեմ։ Նա բանտապետին հայտնել էր, թե իբր ես հաստատության բարձրաստիճան պաշտոնյայի աջակցությամբ զինված փախուստ եմ նախապատրաստում, և խնդրել էր ապահովել իր անվտանգությունը։ Բանտակցիս խնդրանքը կատարեցին, նրան տեղափոխեցին առանձին հարմարավետ բանտախուց՝ դեպի քաղաքը բացվող տեսարանով, լոգարանով, փայտյա հատակով։ Պարգևատրեցին կնոջ հետ արտահերթ հանդիպմամբ և այլ արտոնություններով։
Սակայն գործ տվողները բանտում առանձին թեմա են, և, հնարավոր է, մի որ այդ մասին խոսենք։ Այժմ խոսքը բանտարկյալների ամենամեծ երազանքի՝ ցանկացած գնով ազատության մասին է։ Դրա շնորհիվ մենք կենդանի ենք մնում, անտեսելով անախորժությունները, դիմադրելով հուսահատությանը, չցանկանալով մահանալ՝ ծնկի եկած։ Ցանկացած խելամիտ դատապարտյալ օրինական ազատ արձակվելը կնախընտրի փախուստի վտանգներից և դրա հետևանքներից։
Իհարկե, կալանքն ու ազատազրկումը ցանկություն են առաջացնում նաև վերադարձնելու կորցրածը։ Եթե հարմար առիթ լինի՝ հարյուրտոկոսանոց երաշխիքով, կյանքի համար ռիսկեր չպարունակող, ապա փախուստը չի բացառվում։
Ոմանք ռիսկի են դիմում նույնիսկ հաջողության ավելի պակաս հավանականության դեպքում, «վազում են» դեպի ազատություն։ Սակայն առանց անհրաժեշտ մոտիվացիայի վաղ թե ուշ կրկին ճաղերի հետևում են հայտնվում։ Եվ միայն հատուկենտ մարդկանց է հաջողվել «պոկվել» տասնյակ և ավելի տարով։ Որոշ հաջողակներ մինչ օրս չեն հայտնաբերվել։ Թեև բացարձակ կատարյալ փախուստները, մեծ հաշվով, կինեմատոգրաֆիստների հորինած պատմություններ են։
Ազատությունը միշտ ավելի լավ է, քան անհույս անազատությունը։ Եվ եթե կալանքից հետո՝ նախքան դատապարտվելը, կարելի է քեզ թույլ տալ բաց թողնել հեռանալու շանսն, ապա մահապատժի վճռից հետո փախուստի գաղափարն արդեն քեզ չի լքում ոչ մի վայրկյան։ Իսկ գնդակահարության դատապարտվածների բլոկում այդ մասին բոլորն էին երազում։
Բանտային իրականությունն անխուսափելիորեն ֆանտազիաներ է ծնում։ Մենք երազում ենք ցանկացած բանի մասին, միայն թե մոռանանք իրականությունը, չխրվենք դրանում, ինչպես ճահճում։ Ֆանտազիաներն, ի տարբերություն, հիշողությունների, ցավ չեն առաջացնում։ Եվ օգնում են կենդանի մնալ։ Թեև դրա համար ստիպված ես լինում մասնակիորեն մահանալ։ Ատամներդ սեղմել։ Թույլ տալ ծաղրել։ Որոշ ժամանակ։
Կապանքների հետ հնարավոր չէ հաշտվել։ Կարելի է միայն ձևացնել․․․ Թե քար ես, ծառ, հիմար։ Հանուն ազատության։ Եվ սա միայն քաղցր խոսք չէ։ Առանց դրա կորցնում են իմաստն ընտանիքն, ընկերները, սերը․․․
Ցանկացած մարդ ունակ է փախուստի դիմել՝ ունենալով հստակ տեղեկություններ, հստակ պլան, նվազագույն մարզվածություն և հանուն նպատակի վճռական գործողությունների պատրաստակամություն։ Ոչինչ այդքան չի մոտիվացնում, որքան անժամկետ բանտարկությունը, երբ կամուրջներն այրված են դեպի ազատություն տանող օրինական ճանապարհի բացակայությամբ։
Միակ բանը, որը ցմահ բանտարկյալին բանտում պահում է, սպանող չմեռնող հույսն է։ Աշխատում եմ չհիշել իմ բանտակիցներին, որոնք հավերժ քնով քնեցին և մինչև վերջին շունչը հրաշքի հույս ունեին։
Ազատության և որպես դրան հասնելու միջոցներից մեկի՝ փախուստի մասին մտորումները հոգին փրկում են վերջնական քայքայումից։ Պատրանքներն իրենց տեղը զիջում են իրական երազանքներին, որոնք իրականության հետ են կապված։ Եվ բանտային օրերի անվերջ շարանին վերջ է գալիս։ Շուրջը պատեր են, ճաղեր, փականներ, պահակներ, և բանտարկյալնը գլխով «հարվածում է» դրանց՝ պատկերացմամբ և կպչուն քաղցր երազանքով սնվելով։ Աշխատում է, որքան հնարավոր է, քիչ գրավել բանտի ղեկավարության և մյուս իր հարևանների ուշադրությունը։ Յուրաքանչյուրն, ով նրա հետ չէ, կարող է պոտենցիալ խոչընդոտ լինել, և փախչողի խնդիրը դա թույլ չտալն է։
Փախուստի նախապատրաստվելիս դատապարտյալն իրեն գերմարդ է զգում, որն աշխարհն է փրկում կամ այն, ինչ դրանից մնացել է՝ սեփական ձեռքերով ավերված իր աշխարհը։ Բանտը, կառավարությունն, օրենքներն, անելանելիությունն ու տվայտանքները հետին պլան են մղվում։ Ի հեճուկս բոլոր կարծիքների և անհաղթահարելի պատերի՝ երեկվա կալանավորը փոխակերպվում է, դառնում ազատ մարդ։
Բանտարկյալն անցյալի սխալների զոհից և համակարգի պատանդից վերածվում է սեփական ճակատագիրը տնօրինողի։ Նա այլևս չի սպասում իշխանությունների բարությանը, դատարանի ներողամտությանը, ներման, համաներման։ Նա սկսում է գործել։
Մահվան դատապարտվածների համար այս առումով ավելի բարդ էր։ Տեղեկացվածությունը՝ զրո։ Գործիքներից՝ ալյումեն գդալներ։ Տեսադաշտը՝ զրո։ Պատուհանների փոքր անցքերը խուլ ծածկված են պողպատյա շերտավարագույրով։ Սակայն նրանք նույնպես ցանկանում էին ապրել և փորձում էին փախչել։ Ճիշտ է՝ անհաջող։
Մահապարտների առաջին ստացված փախուստը տեղի է ունեցել Գորիսում գտնվող բանտում։ Ընդամենը մի քանի ժամում պատն են քանդել․ շինությունը երկուհարյուրամյա վաղեմության էր, հիմքը փոշիացել էր։ Տասնյակ աղյուսներ են հանել, դարսել ցելոֆանե տոպրակներում, տարել բաղնիք և թաքցրել։ Ոչ ոք ոչինչ չի նկատել։ Մի մեծ անցք են փորել հենց ճաղավանդակի տակ։ Մոտ տասը սանտիմետր էր մնում։ Սակայն այդ սանտիմետրերն անակնկալ էին՝ ամրագույն բետոն, որը շրջապատում էր մահապարտների բանտախցերը։ Մեխով ու էլեկտրոդներով այն նույնիսկ չես քերծի։
Ստիպված էին քանդել բետոնե գոտու վրայի շարվածքը։ Մեկ ժամ անց ճանապարհը բաց էր։ Մնացել էր ապահովագրվել ժամանակից շուտ հայտնաբերելուց։ Գիշերը դավադրաբար ընկավ։ Եվ մարդիկ ստվերների պես սկսեցին քայլել դեպի ազատություն։ Ձմեռային դեկտեմբերի երեկոն հաջողությամբ պսակվեց միայն երկու բանտարկյալի համար։
Ես մտադիր չէի փախչել, միայն բանտակիցներիս դուրս գալուց հետո չդիմացա և առաջ վազեցի։ Սակայն ժամանակին նկատեցի պահակակետից դուրս եկած սպային, գլխի ընկա, որ ինքս չեմ հասցնի, տղաներին էլ կմատնեմ։ Արագ փակեցի ճաղերն ու անցքը, որ ներքևից չնկատեն։ Բարձր շշնջոցով ասացի վերևում գտնվող տղաներին՝ «Հեռացեք»։ Իսկ ինքս մնացի։ Կիսով չափ՝ բանտախցում, կիսով չափ՝ տղաների հետ։
Մինչև առավոտ տանջվեցի հարցուպատասխանով, մի տարբերակից մյուսին անցնելով։ Ելքը բաց է։ Սակայն պահակախումը փոխվում է, և ազդանշանային համամկարգն անջատվում կեսգիշերին։ Եվ տանիքն արդեն վերահսկողության տակ է լինելու։ Ես համակերպվեցի։ Ամիսներ և տարիներ շարունակ․․․ Ողջ գիշեր տագնապի մեջ էի, փոխելով հարևան մահճակալների «տիկնիկների» դիրքը․ միայն թե տղաներին չբռնեն։
Տանիք բարձրանալով՝ բանտարկյալները կրծքով մեկ շնչել էին ազատությունը, պառկել մեջքի վրա և մի որոշ ժամանակ հիացել հսկայական աստղերի գեղեցկությամբ, որն անմոռանալի էր բանտի հետ հակադրության մեջ։ Այդ պահին նրանք ազատ էին։ Իսկ տասնչորս տարի անց նրանցից մեկն ինձ շնորհակալություն հայտնեց՝ կեղծ մատնություն գրելով և գլխավոր մուտքով բանտը լքելու հնարավորությունից ինձ զրկելով։
Դատապարտյալներն այլ կերպ են դատում, քան օրինապահ քաղաքացիները։ Բանտն ազդում է ինտելեկտի և մտածողության վա։ Բարու և չարի միջև էթիկական երկվությունները նրանք նույնպես իրենց ձևով են լուծում։
Ցավոք, բոլորին բռնեցին։ Մեկին՝ տասն օրից։ Մյուսը մեկ ամիս ձգեց։ Եվ բոլորին դատապարտեցին։ Փախչողներին յոթուկես տարի տվին։ Իսկ ինձ՝ մեկուկես տարի չհայտնելու համար։
Դատապարտում էին ոչ միայն դատավորներն, այլ նաև բանտարկյալները։ Չէ՞ որ նրանք չգիտեին, թե ինչ փոթորիկներ են տեղի ունեցել ազատության մեջ հայտնված երջանիկների սրտերում։ Կան բաներ, որոնք անհնար է հասկանալ կողքից դիտողի համար։ Դրանք պետք է ապրել, զգալ, սեփական արցունքը թափել։
Իմ կարծիքով՝ ապրելու ցանկությունից ավելի բնական բան չկա։ Նույնիսկ նրանց համար, ովքեր իրենք են ուրիշի կյանքը խլել մի ժամանակ։ Ազատ արձակվելու իրական հնարավորությունը պետք է նպաստի դատապարտյալի ուղղմանը։ Իսկ այդ հույսի բացակայությունը ցմահ դատապարտյալներին սադրում է փրկություն փնտրել ցանկացած այլ եղանակով։ Ինչ էլ որ դա արժենա։