
Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը Հայաստանի համար առաջնահերթություն է. Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական է գնահատում: Այս մասին նա ասել է ամերիկյան Fox News-ի հետ զրույցում:
«Վիեննայի հանդիպումը տեղի ունեցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում, երկու առաջնորդները վերահաստատեցին հանձնառությունը Դուշանբեում ձեռքբերված համաձայնության շուրջ: Երկու երկրների առաջնորդները մտքերի լայն փոխանակում իրականացրեցին: Հանդիպման նկատմամբ մեր ընդհանուր գնահատականը դրական է»,- ասել է նա:
Ներսեսյանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջին շփումներից ի վեր աշնանը հիմնականում պահպանվել է հրադադարի ռեժիմը, ինչի շնորհիվ ունեցել ենք վերջին տասնամյակի ընթացքում հարաբերականորեն ամենահանգիստ շրջանը: «Չնայած ադրբեջանական կողմից հնչեցվող շարունակական թշնամական հայտարարություններին՝ շփման գծում առկա հարաբերական հանգիստ իրավիճակը ստեղծել էր անհրաժեշտ մթնոլորտ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար: Հայաստանը մշտապես աջակցել է միջնորդների առաջարկներին՝ կառուցելու խաղաղությանը նպաստող միջավայր, ներդնելու մեխանիզմներ՝ ուղղված ռիսկերի նվազեցմանն ու միջադեպերի կանխարգելմանը, ձեռնարկելու վստահություն կառուցող միջոցներ, ինչը թույլ կտա բանակցային գործընթացն առաջ մղել:
Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու ԼՂ կարգավիճակը շարունակում են մնալ հիմնական առաջնահերթություն»,- Fox News-ին ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը: