Ալիևն ու Փաշինյանը հստակեցրել են դիրքորոշումները. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է տվել երկու առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի և բովանդակային գաղափարների շուրջ:

«Հանդիպումն ընթացավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն ընձեռեց երկու ղեկավարներին հստակեցնել իրենց դիրքորոշումները: Նրանք տեսակետներ փոխանակեցին կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի և բովանդակային գաղափարների շուրջ:

Երկու ղեկավարներն ընդգծեցին խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման և հակամարտության խաղաղ լուծման համար բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլեր ձեռնարկելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ:

Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող քննարկումները շարունակել են առանձնազրույցի ընթացքում: Հանդիպման ավարտին մոտ համանախագահները և ԱԳ նախարարները կրկին միացել են երկու երկրների առաջնորդներին:

Տեսանյութեր

Լրահոս