Հայաստան – Ֆինլանդիա. կարծիքներ
Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման տուրի 2-րդ փուլում 0:2 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն: Լեփ-լեցուն Հանրապետական մարզադաշտը չօգնեց հայ ֆուտբոլիստներին, ովքեր անցկացրեցին ոչ վատ հանդիպում, բայց բաց թողեցին երկու գնդակ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ բաց թողնված գոլերը մեր սխալների արդյունքն էին, դրա հետ զուգահեռ՝ հավաքականն էլ չկարողացավ իրացնել իր հնարավորութունները:
Գլխավոր մարզիչը, որ գոհ էր Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղից, նշում է, որ այս խաղում գոհ էր միայն որոշ դրվագներում, բայց առհասարակ ամբողջ խաղից դժգոհ է: Ըստ մարզչի, դեռ շատ աշխատանք կա անելու:
Արմեն Գյուլբուդաղյանցը համամիտ չէ, որ խաղի ընթացքոմ պրեսինգը քիչ էր: Ըստ նրա, խաղի սկզբում, երբ մրցակիցը ուզում էր խաղարկել գնդակը, թիմը բարձր էր դասավորվում դաշտում, և խոչընդոտում էր մրցակցի խաղը։ Երկրորդ խաղակեսի սկզբում թիմը բավական բարձր պրեսինգ սկսեց, որը որոշ առումով ստացվեց, բայց մանավանդ նախորդ խաղից հետո ֆուտբոլիստները թարմ չէին, և ամբողջ խաղը նման ձևով խաղալ չստացվեց:
Մարզիչը նշում է, որ հավաքականը անելու է ամեն բան երկրպագուներին ուրախացնելու համար.
«Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մեր խաղի առաջնային նպատակը մեր ազգին ուրախացնելն է։ Եթե արդյունքը լավը չի, գոնե պետք է լավ խաղով ուրախացնենք մեր երկրպագուներին։ Լավ խաղալ ասելով` նկատի ունեմ ոչ թե փոխանցումների որակը, այլ անմնացորդ նվիրումը։ Մենք դեռ անցած տարի նշել էինք, որ մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի։ Արդեն հինգ ֆուտբոլիստ նորամուտն է նշել հավաքականում։ Կփորձենք մեր ունեցած լավագույն երիտասարդներին ընդգրկել կազմ, որ լավ արդյունք ստանանք»։
Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան նշում է, որ խմբի բոլոր մրցակիցներն էլ խնդիրներ կունենան Հայաստանում, քանի օր Հայաստանի հավաքականը բավականին բարդ մրցակից է:
Ըստ մարզչի, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանն ու մյուսները, կարող են բարդացնել հանդիպումը բոլորի համար:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի կորցնում հույսը և նշում է, որ երկու պարտությունը դեռ ոչինչ չի նշանակում: Ըստ կիսպաշտպանի, հաջողությունը այս խաղում հավաքականի կողքին չէր: Սակայն, կարևոր է այն, որ հավաքականը մինչև վերջ փորձում էր իրացնել իր պահերը:
Օզբիլիսը բարձր է գնահատել երկրպագուների աջակցությունը՝ շեշտելով նաև այն, որ երկրպագուները աջակցում էին անգամ 0:2 հաշվի ժամանակ:
Խաղի ընթացքում մի քանի սեյվ կատարած դարպասապահ Արամ Հայրապետյանը ևս շնորհակալություն էր հայտնում երկրպագուներին՝ նշելով, որ դա իրենց համար չափազանց կարևոր է:
Հայկական ընտրանու դարպասապահի խոսքով՝ իրենք վատ հանդիպում անցկացրին, իսկ մրցակիցն էլ կարողացավ իրացնել իր հնարավորությունները:
Հիշեցնենք, որ նախընտրական այս փուլում Հայաստանի ազգային ընտրանին ընդգրկվել է J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:
Առաջիկա հանդիպումները հունիսին են: Հայկական ընտրանին հունիսի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին, իսկ հունիսի 11-ին Աթենքում կխաղա Հունաստանի հետ:
Սիրարփի Աղաբաբյան