
Երևանում գողացել են Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեծանիվը

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունում ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Արման Գ.-ին և 14-ամյա Էդմոնդ Հ.-ին:
Ըստ աղբյուրի, պարզվել է, որ երեխաները մարտի 21-ին Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 շենքի ավտոկայանատեղիից հեծանիվ են գողացել: Ոստիկանները պարզել են, որ գողացած հեծանվի տերը նույն շենքի բնակիչ, 47-ամյա Գևորգ Պետրոսյանն է:
Նշվում է, որ նա Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Արման Գ.-ն և Էդմոնդ Հ.-ն բաց են թողնվել: Փաստի առթիվ Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: