Բաժիններ՝

Միքայել Մելքումյանը Նազենի Ղարիբյանին հորդորեց պատրաստված գնալ Ազգային ժողով

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այսօր Ազգային ժողովում ներկայացնելով «Հայաստանի և Մալթայի Հանրապետությունների  կառավարությունների միջև մշակույթի բնագավառում համագործակցության  համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը` նշեց, որ դեռևս 2017 թվականին ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Մալթայի Հանրապետության արտգործնախարարի կողմից ստորագրվել է մշակութային ոլորտում երկու երկրների համագործակցության մասին համաձայնագիրը։

Ըստ նրա, համաձայնագիրը բաղկացած է 15 կետից, որոնք ենթադրում են համագործակցություն մշակույթի տարբեր բնագավառներում, իսկ համաձայնագրի կոնկրետ 12 կետը նախատեսում է ձևավորել հայ-մալթական ընդհանուր կոմիտե, որտեղ կարող են ընդգրկվել երկու պետությունների իրավասու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Համաձայնագիրը գործելու է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է նույն ժամակահատվածով, եթե կողմերից մեկը դիվանագիտական ճանապարհով մյուս կողմին չի ծանուցում համաձայնագիրը դադարեցնելու մասին»,- ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատարը։

Պատգամավորները Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք համաձայնագրի հետ կապված բոլոր ծախսերը հաշվարկված են, և արդյո՞ք կա հստակ թիվ, թե այն որքան ծախս է պահանջելու։ Սակայն Նազենի Ղարիբյանը պատասխանեց, որ նման հաշվարկ չկա։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեց, թե նմանատիպ համաձայնագրերն ի՞նչ ֆինանսական ազդեցություն ունեն և ի՞նչ են տալու Հայաստանին։

«Տիկին Ղարիբյան, իմ գործընկերները ճիշտ հարցադրումներ հնչեցրեցին, եթե դուք եկել եք պառլամենտ, պետք է պատրաստված գաք: Այսինքն` եթե նման նախագծեր են գալիս, որ ֆինանսական ազդեցությունը պետք է գնահատենք, դուք ասում եք` ծախսի մեջ որևէ փոփոխություն չկա, բայց որ մշակույթի ոլորտում ծախսը փոխվում է, նշանակում է՝ ինչ-որ այլ ծախսի հաշվին է։ Հիմա ի՞նչն եք կրճատում, ես հեռու եմ այն մտքից, որ անկախ նրանց արդյունքից, պետք է կատարվեն, այսինքն՝ ինքս մշակութային քաղաքականության մեջ չեմ գնահատում այդպես, որ ծախսն անպայման պետք է եկամուտ բերի, բայց այդուամենայնիվ մենք այդ ծախսերը պետք է գնահատենք, դրանք ինչքա՞ն են»,- նշեց Միքայել Մելքումյանը։

Նազենի Ղարիբյանը պատասխանեց, որ նման համաձայնագրերը բխում են ՀՀ կառավարության ծրագրից։

Ինչ վերաբերում է ծախսերին, Նազենի Ղարիբյանը պատասխանեց. «Ես չունեմ այդպիսի թիվ, չկա այդպիսի թիվ»։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս