
ԵՄ-ն ավարտել է նախապատրաստությունը ապրիլի 12-ի հնարավոր «կոշտ» Brexit-ին

ԵՄ-ն ավարտել է նախապատրաստությունը առանց համաձայնագրի հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի ապրիլի 12-ի հնարավոր դուրս գալուն: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովը (ԵՀ):
«Քանի որ ավելի ու ավելի հավանական է, որ Միացյալ Թագավորությունն ապրիլի 12-ին Եվրոպական միությունը կլքի առանց համաձայնագրի, Եվրահանձնաժողովն այսօր ավարտել է նախապատրաստությունը «կոշտ» Brexit-ի սցենարին»,-նշվում է ԵՀ-ի հայտարարության մեջ: Դրանում ընդգծվում է, որ ԵՄ-ի բոլոր քաղաքացիները եւ բիզնեսը պետք է նույնպես պատրաստ լինեն «կոշտ» Brexit-ին, նույնիսկ եթե այդ սցենարն անցանկալի է:
«Առանց գործարքի սցենարում Մեծ Բրիտանիան երրորդ երկիր կդառնա առանց որեւիցե անցումային մեխանիզմի: Այդ պահից ԵՄ-ի բոլոր առաջնային եւ երկրորդային օրենքները կդադարեն կիրառվել Մեծ Բրիտանիայի նկատմամբ: Անցումային ժամանակաշրջան չի լինի, ինչպես դա նախատեսված է դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում: Դա, ակնհայտորեն, զգալի խախտումների կհանգեցնի կողմերի քաղաքացիների եւ բիզնեսի համար»,-ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: