
Որոնք են աշխարհի ամենաերջանիկ երկրները

Ֆինլանդիան երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաերջանիկ երկրների World Happiness Report վարկանիշը, որը հրապարակվել է մարտի 20-ին։ World Happiness Report զեկույցում գնահատվում են աշխարհի 156 երկրներ եւ հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝ կյանքի սպասվող տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան եւ այլն:
Զեկույցը կազմվել է ՄԱԿ-ի պատվերով, առաջին անգամ նմանօրինակ ուսումնասիրություն հրապարակվել է 2012 թվականին: Ամենաերջանիկ երկրներ են նշվել նաեւ Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան եւ Ավստրիան: Առաջին տասնյակում չեն հայտնվել ԱՄՆ-ը (19-րդ տեղ), Գերմանիան (16-րդ), Ֆրանսիան (24-րդ) եւ Սաուդյան Արաբիան (28-րդ):
Ամենաապերջանիկ երկրներն են դարձել Հարավային Սուդանը (վերջին՝ 156-րդ տեղը), Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը (155-րդ), Աֆղանստանը (154-րդ), Տանզանիան (153-րդ), Ռուանդան (152-րդ) Եմենը (151-րդ) եւ Մալավին (150-րդ տեղը), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: