Բյուջեի հաշվին՝ ստրկացուցիչ պայմաններով լավություն մասնավոր ընկերությանը
Ազգային ժողովի թվով 60 մաքրուհիներ երեկ խորհրդարանում բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք հայտարարել են գործադուլ անելու մասին։ Մաքրուհիներն օբյեկտիվորեն վրդովված են իրենց աշխատավարձերը կրճատելու և 40 հազար դրամ դարձնելու փաստից։
Խնդիրն այն է, որ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարությունը պայմանագիր է կնքել «Քլիներս» մասնավոր ընկերության հետ, ըստ որի՝ այդ ընկերությունը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը, ԱԺ մաքրուհիներին (թվով 60 հոգի) աշխատանքի է ընդունում ՝ վճարելով առնվազն 105 հազար ՀՀ դրամ աշխատավարձ:
Ինչպես արդեն նշեցինք՝ մաքրության ծառայությունների մատուցման համար մրցույթը տեղի է ունեցել թավշյա հեղափոխությունից հետո, մեկնարկային գումարը եղել է 79 մլն դրամ, «Քլիներս» ընկերությունը շահել է 68 միլիոնով։ Մաքրուհիների հետ գործող պայմանագրերի ժամկետն ԱԺ-ի հետ լրանում է մարտի 31-ին։
Երեկ Ազգային ժողովի աշխատակազմը խորհրդարանում աշխատող մաքրուհիների աշխատավարձի խնդրի հետ կապված պարզաբանում է ներկայացրել.
Ըստ ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության՝ դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ԱԺ նախկին աշխատակազմի ու «Քլիներս» ՍՊԸ-ի կողմից կնքվել է պայմանագիր, ըստ որի` Կատարող ընկերությունը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը:
«Ազգային ժողովում աշխատում է 63 մաքրուհի, որից 40-ը` օրական 2 ժամ՝ 07:00-09։00-ն՝ ստանալով 89.950 դրամ աշխատավարձ: 23 մաքրուհի՝ 09:00-18:00-ն՝ նույնաչափ աշխատավարձով: Մաքրուհիների ներկայիս պայմանագրերը լրանում են սույն թվականի մարտի 31-ին, որի մասին նրանք փետրվարի 19-ին պատշաճ ծանուցվել են, ինչպես նաև մասնավոր կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։
«Քլիներս» ՍՊԸ-ն պարտավորվել է մաքրուհիներին վերցնել աշխատանքի և գործուղել Ազգային ժողով` ամսական դրույքաչափ սահմանելով 105,000 դրամ: Հաշվի առնելով, որ մաքրուհիների մեծ մասն աշխատում է օրական 2-3 ժամ` նշյալ ընկերությունը նրանց Ազգային ժողով կգործուղի կես դրույք աշխատավարձով։ Վերոնշյալ կազմակերպությունը` ԱԺ աշխատակազմի հետ համաձայնեցված, առաջարկում է օրվա մնացած ժամերին մաքրուհիներին ապահովել աշխատանքով այլ ընկերություններում, որի հետևանքով նրանց ամսական աշխատավարձը կարող է կազմել ավելին, քան այժմ է: «Քլիներս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրն Ազգային ժողովի աշխատակազմը համարում է ավելի օպտիմալ տարբերակ թե պետական բյուջեի ծախսերի կրճատման, թե կառավարչական ռեսուրսի խնայման առումով»։
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարության կողմից միջոցները խնայելու նպատակով հայտարարվել է մրցույթ մաքրության ծառայությունների մատուցման համար: Մրցույթում հաղթել է «Քլիներս» ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր: Որպես պարտադիր պայման՝ ընկերությունը պետք է ԱԺ-ի՝ թվով 60 մաքրուհիներին ընդուներ աշխատանքի նույն պայմաններով և վճարեր առնվազն 105․000 ՀՀ դրամ աշխատավարձ: Մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը նշված 60 աշխատողները ԱԺ աշխատակազմի մաս են կազմել, պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից վերջիններս պետք է դառնային տվյալ ընկերության աշխատողներ:
«Հունվարի 1-ից դա պետք է լիներ, չգիտեմ՝ այս պահին իրենք ինչ են արել, բայց գաղափարը հետևյալն էր . երբ պայմանագիրն ուժի մեջ է մտնում, ընկերությունը առնվազն երկու պարտադիր կատարման ենթակա պարտավորություն է ստանձնում աշխատողների մասով, այն է՝ պայմանագրի գործողության ողջ ժամկետում մաքրությունը պետք է իրականացվեր ԱԺ-ի աշխատողների՝ տվյալ 60 հոգու միջոցով, և մեկ դրույքաչափը պետք է սահմանվեր 105 հազար դրամ, որը 20 տոկոսով ավելին է, քան այն աշխատավարձը, որը մաքրուհիները ստանում էին նախկինում՝ ԱԺ աշխատակազմում եղած ժամանակ: Այս 20 տոկոսը սոցփաթեթի հատուցումն է՝ աշխատավարձի տեսքով, որը շատ ավելին է, քան սոցփաթեթով նախատեսված գումարը: Մենք պայմանագրի արդյունքում 10 միլիոն դրամի խնայողություն ենք արել»:
Նրա խոսքով, եթե մաքրուհիներին «Քլիներսն» ասել է, որ պետք է վճարի 40 հազար դրամ աշխատավարձ, ապա դա պայմանագրի պարտադիր կետերի խախտում է: Ըստ Բաբայանի՝ առնվազն չի կարելի պարտադրել աշխատողներին կնքել կես դրույքով պայմանագիր, որովհետև պայմանագիրը երկու կողմերի կամարտահայտությամբ է կնքվում, և եթե կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ մաքրուհին, համաձայն չէ տվյալ պայմանով կնքել կազմակերպության հետ պայմանագիրը, ապա վերջինս պարտավոր է դա անել հենց այն պայմաններով, որոնք նշված են ԱԺ աշխատակազմի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրում: «Այս առումով, իհարկե, այս անձանց պաշտպանությունն իր վրա պետք է վերցնի ԱԺ աշխատակազմը»,- ասել է Բաբայանը:
Իրականում ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության կողմից երեկ ներկայացված պարզաբանումը մանիպուլյացիաներ է իր մեջ պարունակում։ Եվ դա ընթերցելով՝ տպավորություն է ստեղծվում, թե իրենք լավություն են անում, դեռ մի բան էլ աշխատավարձերը բարձրացնում են, իսկ մաքրուհիները բողոքում են։
Մեր զրուցակից մաքրուհիներից մեկն ասաց, որ իրականում իրենք ստանում են 67.000 դրամ, իսկ 89.950 դրամ աշխատավարձը, որի մասին խոսվում է ԱԺ-ի կողմից տրված պարզաբանման մեջ, առանց պահումների աշխատավարձի չափն է։
Իսկ մասնավոր այդ «Քլիներս» ընկերության կողմից առաջարկվող 105.000 դրամ աշխատավարձն առաջարկվում է պայմանով, այն է՝ մաքրուհիները, ովքեր դեռ լույսը չբացված, առնվազն ժամը 06։00-ից տանից դուրս են գալիս, որպեսզի վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, արդեն լինեն աշխատավայրում՝ Ազգային ժողովում, իրենց աշխատանքն ավարտելուց հետո, առաջարկում են՝ 09։00-ից մինչև 18։00-ն էլ այլ տեղեր աշխատեն, որպեսզի 105.000 դրամ աշխատավարձ ստանան։ Այսինքն՝ մասնավորը կոպեկների դիմաց առաջարկում է ստրկական պայմաններով աշխատեցնել մաքրուհիներին՝ մասնավոր ընկերության այլ պատվերները սպասարկելով։ Այսինքն՝ պետբյուջեի հաշվին ընդլայնել իր գործունեությունը՝ շահագործելով մարդկանց ռեսուրսը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Քլիներս» ՍՊԸ ղեկավար Գարուշ Պապիկյանն՝ անդրադառնալով ԱԺ մաքրուհիների բողոքին, ասել է. «Մենք հաշվարկել ենք, որ երկու ժամ աշխատելու համար աշխատողին ժամավճարով վարձատրելու դեպքում, ամսեկան աշխատավարձի արժեքը կազմում է 40 000 դրամ, իսկ այն աշխատողները, ովքեր աշխատում են ժամը 09:00-18:00-ը, նրանք կստանան 80 000 դրամ: Իրենց մոտ գումարային փոփոխություն չի լինելու»:
Սխալը տեղի է ունեցել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարության օրոք, երբ պետական պահպանության օբյեկտ համարվող Ազգային ժողովի շենքի մաքրման աշխատանքները, թեկուզև «միջոցները խնայելու նպատակով» ձևակերպման ներքո, վստահվել է մասնավոր ընկերության։ Իշխանափոխությունից հետո ԱԺ նոր ղեկավարությունը որոշել է շարունակել ներդրված «գաղափարը», սակայն, ավելի վատ պայմաններ առաջարկելով մաքրուհիներին։
Ըստ մեզ հասած լուրերի՝ այս ընկերության սեփականատերը, որն առաջարկված պայմանների դեմ բողոք ներկայացնող կանանց պատասխանել է՝ «չեք ուզում՝ գնացեք», նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչների մտերիմն է, և բոլորովին պատահական չէ մրցույթում նրանց հաղթելու փաստը։
Առհասարակ անհասկանալի է պետական պահպանության օբյեկտ համարվող Ազգային ժողովի ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը մասնավոր ընկերությանը հանձնելը։ Իսկ ինչո՞վ է զբաղվում ԱԺ գործերի կառավարչությունը, որի գործառույթն է այդ աշխատանքների ապահովումը, կազմակերպումը. ԱԺ ղեկավարության և պատգամավորների գործուղում-վոյաժների տոմսերի ձեռքբերմա՞մբ։ Միգուցե ԱԺ նյութատեխնիկական մասն էլ մրցույթով հանձնեն մասնավոր մի ընկերության, տուրիստական մի ընկերության հետ էլ պայմանագիր կնքեն տոմսերի ձեռքբերման համար, իսկ ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններն ապահովելու համար էլ իրավաբանական մասնավոր մի գրասենյակի հետ պայմանագիր կնքեն, որ իրենց փոխարեն օրենքներ գրեն։ Այդպես ավելի հեշտ կկազմակերպեն աշխատանքները՝ բյուջեն կբաշխեն մտերիմ-ծանոթների մասնավոր ընկերությունների միջև, դե, իրենց էլ ինչ տան այդ ընկերությունները՝ իրենց քյարն է։