Վրաստանում ՀՀ դեսպանն աշխատանքային այց է կատարել Աջարիա և Գուրիա
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մարտի 20-21-ն աշխատանքային այց է կատարել Վրաստանի Գուրիայի տարածաշրջան և Աջարիայի Ինքնավար Հանրապետություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Գուրիայի վարչական կենտրոն Օզուրգեթի քաղաքում դեսպանը հանդիպել է Գուրիայի նահանգապետ Զուրաբ Նասարաիայի հետ: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-վրացական համագործակցության համատեքստում Գուրիայի տարածաշրջանի հետ Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները: Դեսպան Սադոյանն Օզուրգեթիում հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ծանոթացավ Օզուրգեթիի Սբ Սահակ Պարթև կիրակնօրյա դպրոցի վերանորոգման աշխատանքներին։
Այնուհետև դեսպանը հանդիպում ունեցավ Քոբուլեթիի քաղաքապետ Միրիան Քաթամաձեի հետ, որի ընթացքում Ռուբեն Սադոյանը վստահություն հայտնեց, որ Քոբուլեթիի քաղաքապետի և այլ պատկան մարմինների պատասխանատու աշխատանքի շնորհիվ հարյուր հազարավոր հայ զբոսաշրջիկներ իրենց ամառային հանգիստը կշարունակեն անցկացնել Սև ծովի վրացական ափի հանգստավայրերում։
Մարտի 21-ին Բաթումում տեղի ունեցավ դեսպան Սադոյանի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեի միջև հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ տնտեսական համագործակցությանը և ապակենտրոնացված շփումներին առնչվող հարցեր: Դեսպան Սադոյանն ուրախությամբ փաստեց, որ Սև ծովի վրացական հանգստավայրերը ՀՀ քաղաքացիների համար ամենանախընտրելին են և հույս հայտնեց, որ վրացական իշխանությունների դրական վերաբերմունքը լրացուցիչ խթան կհանդիսանա, որ հայ զբոսաշրջիկների թիվն ավելի մեծանա։ Այս համատեքստում Աջարիայի կառավարության ղեկավարը ևս իր գոհունակությունը հայտնեց, որ հայ այցելուներն ամենամեծաքանակն են, իսկ վրացական կողմն էլ իր հերթին իրենից կախված ամեն ինչ անում է, որ հայ զբոսաշրջիկներն իրենց առավելագույնս հարմարավետ զգան վրացական հողում։
Երկուստեք կարևորվեց փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնման համար երկկողմ տնտեսական հնարավորությունների և գործարար միջավայրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, որին կարող է նպաստել գործարար ֆորումների և հանդիպումների կազմակերպումը:
Դեսպան Սադոյանն առանձնահատուկ ընդգծեց Ախալցխա-Ադիգենի-Խուլո-Բաթումի ավտոճանապարհի վերանորոգման հարցը, որն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, քանզի բավականաչափ կկրճատի Հայաստանի և Սև ծովի վրացական նավահանգիստների ու հանգստավայրերի միջև տարածությունը։
Նույն օրը դեսպանը հանդիպեց Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեի հետ։ Հանդիպմանը կողմերն անդրադարձան երկկողմ կապերի և համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին քույր քաղաքներ Բաթումի և Վանաձորի համագործակցությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները կարևորեցին առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը, մասնավորապես՝ տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, ներդրումային ծրագրերին փոխադարձ մասնակցության, զբոսաշրջության և կրթամշակութային բնագավառներում: Կողմերն անդրադարձան նաև Բաթումի պատմության ողջ ընթացքում տեղի հայ համայնքի կարևոր դերակատարությանը:
Այցի շրջանակներում դեսպան Սադոյանը այցելեց նաև Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցի, իսկ Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում հանդիպում ունեցավ Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։