«Մենք իրավունք չունենք կռահելով խոսել Հարկային օրենսգրքի մասին». փորձագետ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատամավոր Հայկ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխություններին՝ նշեց, որ բիզնեսի տեսանկյունից երեք հիմնական կետեր կան, որոնք շտապում են իրականացնել։
Նախ՝ այն միկրոբիզնեսը, որն ունի մինչև 24 մլն դրամ շրջանառություն, հարկեր չի վճարելու, գործող օրենսգրքով շրջանառության հարկի 58 մլն շեմը փոփոխություններից հետո դառնալու է 115 մլն դրամ, ինչպես նաև՝ եկամտային հարկի նվազեցումն ու համահարթեցումը։
«Կռահում եք, որ եղած այս երեք գործոնները բացասական են անդրադառնում բյուջեի վրա, սակայն դրական են ազդում բիզնեսի վրա։ Թեժ քննարկումներ են եղել «Իմ քայլը» խմբակցությունում, կառավարության հետ։ Այնպես չէ, որ կառավարությունն ինչ փաստաթուղթ բերում է, մենք այն ընդունում ենք՝ որպես վերջնական փաստաթուղթ, քննարկումները դեռ թեժ են։ Այնտեղ կետեր կան, որ կառավարությունը դեռ մեզ պետք է համոզի, որ այդ փոփոխությունները պետք է լինեն, կետեր էլ կան, որ մենք պետք է համոզենք կառավարությանը»,- ասաց Հայկ Գևորգյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետ կապված առարկություններ ունեն գազավորված ըմպելիքների մասով։
Խմբակցության կարծիքով՝ հարկային բեռը պետք է տեղափոխվի ավելի թանկ խմիչքների դաշտ։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք արտադրում են թանկ խմիչքներ, պետք է ավելի բարձր հարկեր վճարեն, և դրա հաշվին պետք է պահպանվեն ամենօրյա օգտագործման քաղցր խմիչքների հարկերը։
«Մենք նաև փորձում ենք վերլուծել այն դրույթը, որ արդյո՞ք 23 տոկոս համահարթեցումն ավելի արդյունավետ կլինի, թե՞ պրոգրեսիվը ճիշտ կլինի։ Մեզ մոտ էլ տեսակետներ կան, որ սա պետք է դիտարկենք՝ որպես ժամանակավոր գործածության ենթակա, որովհետև գիտենք, որ նախկինում բարձր աշխատավարձ ստացողների աշխատավարձի չափը չէին ձևակերպում, որպեսզի բարձր հարկեր չվճարեն։ Որպեսզի այս ամենից խուսափենք և կարողանանք այդ գումարները բերել ստվերից, կարելի է պայմանական սա ընդունել 3 կամ 5 տարվա ծրագիր։ Երբ արդեն հնարավոր չլինի թաքցնել հարկերը, այդ ժամանակ մենք կարող ենք վերադառնալ պրոգրեսիվ դաշտ։ Այս մոտեցումն ենք փոխանցում հանրությանը, որն ավելի ընդունելի է»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը։
Ինչ վերաբերում է շրջանառության հարկի շեմը 58 մլն բարձրացնելուն և մինչև 115 մլն շրջանառության հարկով հարկելուն, Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ այստեղ սխալ է տեղի ունեցել նախորդ իշխանությունների ժամանակ, որոնք պնդել են, որ պետք է լինի 58 մլն։
«Լինելով մեծամասնություն՝ նրանք քվեարկեցին, մենք այդ ժամանակ պնդում էինք, որ 115 մլն-ը ճիշտ է, նույնիսկ ավելի բարձրացնելն է ճիշտ։ Մենք ակնկալում ենք ավելի մեծ փոփոխություններ, այստեղ նկատում ենք կառավարության զգուշավորությունը, նաև հասկանում ենք՝ պատասխանատվության մեծ բաժին ունենալով՝ կառավարությունը փորձում է ռիսկերը չեզոքացնել։ Այսինքն, եթե ավելի համարձակ քայլերով գնանք հարկային փոփոխությունների, հնարավոր է՝ վտանգվի բյուջեի մուտքային մասը, որը գիտենք, թե ինչ վտանգներով է հղի»,- հավելեց Ս. Բագրատյանը։
Ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանի դիտարկմամբ՝ Հարկային օրենսգրքում հստակ գրված է փոփոխությունների նպատակը՝ մրցակցային առավելությունների ավելացում գործարարաների համար։ Փորձագետն ընդգծում է, որ իրականացվող քայլերը չեն բերելու մրցակցային առավելությունների ավելացման, քանի որ հարկային բեռն ուղղակի հարկերից տեղափոխվում է անուղղակի հարկեր։
«Սա նշանակում է, որ նվազեցնում են եկամտային հարկը, որը համահարթ դարձնելով, ինչը գործարարի համար ծախս է, ենթադրվում է, որ սա նրան որոշակի մրցակցային առավելություններ կտա։ Մյուս մասով՝ նվազեցնում են շահութահարկը, ենթադրվում է, որ գործարարն ավելի լրացուցիչ միջոցներ կունենա, և տնտեսագիտության տեսության դիտանկյունից դրանով խթանում են տնտեսության առաջարկի մասը»,- նշեց ֆինանսական հարցերով փորձագետը։
Նա համոզված է, որ լրացուցիչ հարկերի նվազումը բերելու է պետական բյուջեի եկամուտների նվազեցման, սակայն չի տալու մրցակցային առավելություն։
«Ասում են, որ շահութահարկը նվազեցնեն, ներդրումների գնման ժամկետը կկարճանա, այո՛, տեսության մեջ այդպես է, սակայն որքանո՞վ ենք իջեցնում և ի՞նչ ժամկետների մասին ենք խոսում՝ հաշվարկ չկա։ Մենք չպետք է կռահենք, Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունները և կառավարությունը պարտավոր են ներկայացնել հաշվարկներ, մենք իրավունք չունենք կռահելով խոսել Հարկային օրենսգրքի մասին»,- հավելեց փորձագետը։
Նա նաև նկատեց՝ ակցիզային հարկի կիրառման դեպքում տեղի կունենա գնաճ։
Զվարթ Խաչատրյան