«Չգիտեի՝ լացեի՞, թե՞ ծիծաղեի». Կարեն Քոչարյան

Հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարեց  հրաժարականի մասին, բայց չհեռացավ քաղաքականությունից. 78-ամյա Նազարբաևը կղեկավարի Ղազախստանի Անվտանգության խորհուրդը:

Նախագահի հերթական ընտրությունները նշանակված են 2020 թվականին: Նազարբաևի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններ չեն անցկացվի՝ Ղազախստանի Սենատի խոսնակ, նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար 65-ամյա Քասիմ-Ժոմարտ Տոկաևը երկիրը կղեկավարի առնվազն մինչև հաջորդ ընտրությունները:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն առայժմ չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ հենց հիմա նման որոշում ընդունեց Ղազախստանի ղեկավարը, բայց կարծում է, որ զարմանալու ոչինչ չկա, նա արդեն ծեր էր:

«Նազարբաևի հրաժարականից հետո Ֆեյսբուքում քաղաքականությունից ոչինչ չհասկացող մարդիկ ասացին, թե մեր հեղափոխական ալիքը հասավ Ղազախստան: Չգիտեի՝ լացեի՞, թե՞ ծիծաղեի: Մի քանի ժամ ուրախացան, հետո պարզվեց, որ Նազարբաևը ղեկավարելու է Ղազախստանի Անվտանգության խորհուրդը, մնում է նաև՝ որպես կուսակցության նախագահ, աղջիկն էլ՝ Սենատի նախագահ: Սա էր հայկական ալիքի ազդեցությունը ղազախական հրաժարականի վրա: Այստեղ ուրիշ խնդիր է: Նազարբաևը բավականին մեծ է, կարծում եմ՝ շատ վաղուց էին նախապատրաստվում: Սա սահուն և սովորական իշխանության փոխանցում է»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնում էր 1990 թվականից: 2015 թ. նա նախագահ ընտրվեց 5-րդ անգամ:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս