Ինչով է հիպոթեքի շուկան ոգևորել վարչապետին. Կքաշի՞ արդյոք հիպոթեքը շինարարությանը
Նիկոլ Փաշինյանին այնքան են ոգևորել հիպոթեքային շուկայում արձանագրված զարգացումները, որ պահը բաց չթողեց հրավիրած մամուլի ասուլիսը սկսելու այս ոլորտի վերաբերյալ որոշ ցուցանիշների հրապարակմամբ։ Ըստ այդմ` «2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ Հայաստանում հիպոթեքային վարկերի ծավալն աճել է 100 տոկոսով»։
Թվում էր, թե նույն ոգևորությամբ պիտի հրապարակվեր նաև աճի ցուցանիշների թվային պատկերը։ Սակայն վարչապետը խուսափեց դա անել։
Բայց քանի որ 100 տոկոսանոց աճն իսկապես ոգևորիչ է, և տպավորություն է, որ հռչակած տնտեսական հեղափոխությունն այլևս մտել է հիպոթեքի շուկա, փորձեցինք ինքնուրույն հասկանալ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Այն, ինչ պարզվեց, ճիշտն ասած, ամենևին էլ ոգևորիչ չէր։
Պաշտոնական տվյալներով, անցած տարվա փետրվարին հիպոթեքային շուկայում առևտրային բանկերի վարկային պորտֆելը կազմել էր 207 մլրդ 464 մլն դրամ։ Նախորդ ամիս այն 207 մլրդ 452 մլն դրամ էր։ Այլ կերպ ասած, անցած տարվա փետրվարին բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն ավելացել էր ընդամենը 12 մլն դրամով։
Իհարկե, սա դեռ չի նշանակում, թե փետրվարին հենց այդքան հիպոթեք է տրամադրվել։ Խոսքը բացարձակ տարբերության մասին է։ Անշուշտ, եղել են նաև մարումներ։
Թե զուտ գումարային առումով ինչպիսի փոփոխություն է կրել բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն այս տարվա փետրվարին, հայտնի չէ։ Կենտրոնական բանկն այդ ցուցանիշները դեռևս չի հրապարակել։ Բայց հուսանք, որ դեռ առիթ կլինի դրանց անդրադառնալ։
Մինչ այդ, նշենք, որ վերջին շրջանում իսկապես նկատելի է հիպոթեքային վարկավորման ակտիվացում։ Այսպես` 2019թ. հունվարին բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 257 մլրդ դրամ։ Սա 50 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն այդ մեկ տարվա ընթացքում ավելացել է 24 տոկոսով։
Եթե հավատալու լինենք Նիկոլ Փաշինյանին, ապա «այսօրվա դրությամբ հիպոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է, որն իր հետևից քաշելու է շինարարությանը` ազդելով նաև կյանքի որակի վրա։
«Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան կյանքի վրա: Սա նշանակում է, որ մենք ունենալու ենք շինարարության պահանջարկ: Սա իր հերթին՝ բերելու է նոր աշխատատեղերի՝ ոչ միայն շինարարության, այլև շինանյութերի արտադրության, սպառման ոլորտում: Սա կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատման, նոր աշխատատեղերի բացման»,- կարծում է Նիկոլ Փաշինյանը։
Այդպե՞ս կլինի, թե՞ ոչ, ժամանակից առաջ չընկնենք։ Հատկապես որ, նախորդ տարվա պատկերն այնքան էլ դրա օգտին չէ. չնայած հիպոթեքային վարկավորման աճի ծավալների գրեթե կրկնակի ավելացմանը, շինարարության աճի տեմպը տարվա ընթացքում գնալով նվազեց։ Եթե տարեսկզբին այն հասնում էր 23-24 տոկոսի, ապա արդեն տարեվերջին կազմեց հազիվ 4,5 տոկոս։ Առանձին ամիսներին նույնիսկ անկում գրանցվեց։
Այս տարվա սկզբին Վիճակագրական կոմիտեն ավելի քան 22 տոկոս աճ է գրանցել շինարարության ոլորտում։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում իրականացվել են 10,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ։
Հիշեցնենք, որ անցած տարվա նույն ամսին դրանք կազմել էին 9,3 մլրդ դրամ։
Այլ կերպ ասած, շինարարության ծավալներն ավելացել են ընդամենը 1,4 մլրդ դրամով, որը համարժեք է 14 տոկոս աճի։ Թե վիճակագրական ծառայությունն ինչպես է ստացել 22 տոկոս, այլ հարց է։ Հավանաբար վերանայվել են անցած տարվա ցուցանիշները և նվազեցվել։
Ինչի՞ հաշվին է տարեսկզբին արձանագրվել շինարարության ծավալների ավելացումը։
Հրապարակված ցուցանիշները վկայում են, որ դրանում էական են եղել հատկապես միջազգային վարկերով իրականացված շինարարական աշխատանքները։ Դրանք ավելացել են 12 անգամ` կազմելով 3,3 մլրդ դրամ։
Մասնավորապես 14,3 անգամով աճել է ոլորտում ռուսական կապիտալի մասնակցությունը։ Խոսքը հավանաբար Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով տրամադրված վարկային միջոցների իրացման մասին է։ Հունվարին դրանք կազմել են գրեթե 1,4 մլրդ դրամ։
Պակաս կտրուկ աճեր չեն գրանցվել նաև այլ ֆինանսական կազմակերպությունների հատկացրած վարկային գումարներով իրականացված շինաշխատանքների դեպքում։ Ասենք` Համաշխարհային բանկի վարկերով 13,9 անգամ ավելի շատ աշխատանք է կատարվել, քան անցած տարվա հունվարին։ Գումարը կազմել է 920 մլն դոլար։ ԱԶԲ միջոցներով իրականացվել է 2,7 անգամ ավելի շինարարական աշխատանք։
Վարկերն ըստ էության փոխարինել են ուղղակի ներդրումներին։ Պատահական չէ, որ կազմակերպության կողմից իրականացված շինարարության ծավալները ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են ավելի քան 18 տոկոսով։ Ոլորտում օտարերկրյա ներդրումները նվազել են 70 տոկոսով։
Չնայած վարչապետի ոգևորությանը, սա, անշուշտ, վատ ազդակ է։ Հատկապես որ, Հայաստանում իրականացվող շինարարական աշխատանքներում կազմակերպությունների մասնակցությունն ամենամեծն է։ Այն հասնում է գրեթե 50 տոկոսի։
Կազմակերպությունների կողմից իրականացվող շինաշխատանքների ծավալի նվազումը վկայում է, որ այստեղ վերստին խնդիրներ են ի հայտ եկել։ Ըստ էության, ոլորտում գործող ընկերությունները սկսել են զգուշություն ցուցաբերել։ Դրա համար նրանք, հավանաբար, պատճառներ ունեն։ Իշխանափոխությունից հետո կառավարության գործողությունները ոչ միայն վստահություն չեն ներշնչում, այլև երբեմն մտահոգություններ են առաջացնում։
Գոնե լավ է, որ պահպանվել է բնակչության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների աճը։ Դրանք կազմել են 1 մլրդ 751 մլն դրամ։ Նախորդ տարվա ցուցանիշը 1 մլրդ 717 մլն դրամ էր։ Փաստացի տարբերությունը 34 մլն դրամ է, ինչը գրեթե 2 տոկոսով է ավել 2018թ. ցուցանիշից։ Թեև պաշտոնական վիճակագրությունն արձանագրել 7,9 տոկոս աճ` հավանաբար առաջնորդվելով վերանայումների տրամաբանությամբ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ