«1993 թ. Թուրքիայի հետ կրկին չունեինք դիվանագիտական հարաբերություններ, բայց ՀՀ նախագահի մակարդակով Հայաստանը մասնակցեց Թուրքիայի նախագահ Օզալի հուղարկավորությանը». Սուրեն Սարգսյան

Մարտի 17-ին Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին։ Պատրիարքի մարմինն անփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստանի աշխարհիկ իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ չի մասնակցել Պոլսո հայոց պատրիարքի հուղարկավորությանը, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գահակալը։

Սուրեն Սարգսյանից էլ հետաքրքվեցինք, թե արդյո՞ք Պոլսո հայոց պատրիարքի հուղարկավորությանը կարող էին ներկա գտնվել ՀՀ բարձրաստիճան անձինք, այն դեպքում, երբ Թուրքիայի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ։

«1993 թվականին Թուրքիայի հետ կրկին չունեինք դիվանագիտական հարաբերություններ, բայց ՀՀ նախագահի մակարդակով Հայաստանը մասնակցեց Թուրքիայի նախագահ Օզալի հուղարկավորությանը։ Սա իր մեջ տասնյակ մեսիջներ էր պարունակում թե՛ ներքին լսարանի, թե՛ Թուրքիայի ու միջազգային հանրությանը մեր հանձնառությունների՝ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին։ Այնպես որ, այստեղ որևէ խնդիր չկա, պետական ցանկացած պաշտոնյա կարող էր մասնակցել»,- նշեց Ս. Սարգսյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ Թուրքիայի իշխանությունների և տեղի հայկական համայնքի կողմից ինչպե՞ս է այս հանգամանքն ընկալվել, արդեն կա՞ն արձագանքներ, Սուրեն Սարգսյանը պատասխանեց՝ որևէ արձագանք և գնահատական չկա, սակայն շատ ճիշտ ու տեղին կլիներ, եթե ՀՀ օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչները մասնակցեին հուղարկավորության արարողությանը, այն հարգանքի տուրք կլիներ ինչպես՝ Պոլսո հայոց պատրիարքի, այնպես էլ՝ հայկական համայնքի նկատմամբ։

«Հիմա թուրքերը կարող են ենթադրել, որ այդ ամենը մեզ համար այդքան էլ կարևոր չէր, այդ պատճառով էլ չենք մասնակցել, և հետագայում կարող են պնդել, որ, եթե մեզ համար կարևոր լիներ, ապա կարող էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցել հուղարկավորությանը։ Այնպես որ, ճիշտ կլիներ, եթե օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ այնտեղ ներկա լինեին»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։

Հավելենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն խորհրդի հոգևոր ժողով էր գումարվել, ժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ անդրադարձ կար նաև վախճանյալ պատրիարքի հուղարկավորության արարողությանը Մայր Աթոռի մասնակցությանը։

«Այդ առնչությասմբ նշվել էր, որ Մայր Աթոռը կներկայանա պատվիրակությամբ, ինչը և տեղի է ունեցել։ Պատվիրակության կազմում եղել են երեք բարձրաստիճան եկեղեցականներ՝ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Մայր Աթոռը պատշաճ կերպով ներկա է եղել, և այս պարագային որոշվել է, որ հուղարկավորության արարողությանը ներկա կգտնվի պատվիրակությունը»,- ասաց Վահրամ քահանա Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Մեսրոպ Մութաֆյանը մահացել էր մարտի 8-ին՝ երկարատև հիվանդությունից հետո, 63 տարեկան հասակում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս