Միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ հակաքարոզչության համար, սակայն ներքաղաքական իրավիճակն ավելի կայուն երբևէ չի եղել. Փաշինյան

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել, քան այսօր: Այս մասին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա ոչ թե ռեպրեսիվ, այլ ժողովրդավարական կայունություն է: Իսկ ՀՀ կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցում մանրամասն նկարագրված է, թե ինչ ծավալների փոփոխություններ են կատարվել երկրում այս ընթացքում:

«Ես չեմ կարծում, որ շատ պետք է խոսեմ այդ փոփոխությունների մասին, սակայն ուզում եմ մի բան ասել: Խոսվում է հարցումների մասին, այդ նույն բանի մասին խոսում էին 2018-ի ամռանը, աշնանը, ընտրություններից առաջ և հետո: Սա այն դեպքը չէ, որ վարչապետը չի տիրապետում իրավիճակին, ես շատ հաճախ մարդկանց հետ ուղիղ շփման մեջ եմ: Գրում են, թե երկիրն անկայունության շրջանում է, կրկին կսկսվի ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, տեսեք, թե ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, եթե ցանկանան դրա հետևից «Ֆեռարի»-ով էլ հասնել չեն կարող, իրենց էջը փակված է: Նրանք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ ապաշխարել ու ներում հայցել: Բայց ասեմ, որ հասարակական, քաղաքական գործունեություն ծավալելու իրենց բոլոր ցանկությունները մենք երաշխավորելու ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա համոզված է, որ եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, ապա «Իմ քայլը» դաշինքը կարող է ավելի մեծ տոկոսով հաղթել:

Նրա խոսքով, միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ հակաքարոզչություն անելու համար և կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իրենց համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է: «Այդ շրջանակները պետք է հասկանան, Հայաստանում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ստանալ չեն կարող»,-ասաց նա:  

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս