Դեռևս վաղ է ԵԱՏՄ-ն համարել լիարժեք տնտեսական միություն. Բելառուսի փոխվարչապետ
Եվրասիական տնտեսական միության մասնակիցները ներկայում համագործակցության առումով հասել են սոսկ ազատ առեւտրի գոտու, բայց ոչ լիարժեք տնտեսական ինտեգրացիոն միավորման մակարդակին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն՝ «Զվյազդա» բելառուսական թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մարտի 19-ին:
«Մեր ինտեգրացիոն միավորումը կարելի է տնտեսական միություն համարել միայն ավանսով: Առայժմ մենք դե ֆակտո միայն ազատ առեւտրի գոտու մակարդակին ենք»,-արձանագրել է Բելառուսի կառավարության փոխղեկավարը: Պետրիշենկոն նշել է, որ ներքին ապրանքային շուկաներում ԵԱՏՄ-ի պետությունները շարունակում են ոչ տարիֆային սահմանափակումներ կիրառել միմյանց դեմ, որոնք «պատշաճության համար քողարկված են սանիտարական, անասնաբուժական ու ֆիտոսանիտարական միջոցներով»:
Փոխվարչապետը հայտնել է որ ներկայում ԵԱՏՄ-ի պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով դիմումներ են ուղարկվել «ներքին շուկաներում 200-ից ավելի խոչընդոտների վերաբերյալ, բարդ ու լարված կոնսուլտացիաներ են անցկացվում դրանց վերացման շուրջ»:
«Մենք անցած հինգ տարում գործնականում առաջ չենք շարժվել ընդհանուր էներգետիկական շուկաների, պետական գնումների, արդյունաբերական սուբսիդիաների, մի շարք այլ հարցերում»,-հայտարարել է Իգոր Պետրիշենկոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: