«Իրանի հետ նոր գազատարի կառուցման մասին խոսք չի լինի առնվազն այնքան ժամանակ, մինչև եղած գազատարով հնարավոր է իրականացնել եղած ծրագրերը»

Իրանի հետ նոր գազատարի կառուցման մասին խոսք չի լինի առնվազն այնքան ժամանակ, մինչև եղած գազատարով հնարավոր է իրականացնել եղած ծրագրերը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Իրան այցից առաջ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի վարչապետների հետ, տեղեկացրել է Իրանում քննարկվելիք հարցերի շրջանակը, նրանց հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ այս թեման Իրանում պետք է դառնա կարևոր կետերից մեկը.

«Այս քննարկումները կշարունակվեն, քանի դեռ մենք չենք եկել ընդհանուր եզրակացության: Մենք պետք է հնարավոր բոլոր ուղղություներով մեր համագործակցությունը զարգացնենք թե՛ Իրանի, թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ: Կարևոր է արձանագրել, որ նման զարգացումներն էական են նաև մեր տարածաշրջանում ինտեգրացիան և կայունությունն ապահովելու առումով: Ուրախ եմ արձանագրել, որ կա հետաքրքրություն»:

ԵՄ-ի հետ համագործակցության վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ ջրամբարաշինության մեծ նախագիծ է իրականացվելու՝ մոտ 2 տասնյակ ջրամբար է կառուցվելու, նաև ծրագրեր են իրականացվելու ենթակառուցվածքների զարգացման, ոստիկանության համակարգի բարեփոխումների, էներգետիկ համակարգի զարգացման ու ներդրումների, այդ թվում՝ էներգետիկ միջանցքի ձևավորման գործընթացի, դատաիրավական, կրթական, հարկային համակարգի բարեփոխումների ուղղությամբ:

Ն.Փաշինյանը նշեց, որ ԵՄ-ում արձանագրել են, որ մենք պատրաստ ենք համագործակցել բարեփոխումների ողջ օրակարգով, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ծրագրերին:

Ըստ վարչապետի՝ առաջիկա 20 օրվա ընթացքում քննարկում կունենան ԿԲ-ի հետ՝ որոշում կայացնելու համար: Նա վկայակոչեց Մեղրիի օրինակը՝ նշելով, որ նախագիծն արժե 20 մլն, կեսը ֆինանսավորում է ԵՄ-ն, մյուս կեսը՝ ՀՀ-ն:

Անդրադառնալով ԱԷԿ-ի խնդրին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ ատոմակայանի վերաբերյալ բազում քննարկումներ կան, բայց համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրում ԱԷԿ-ի փակման թեման շեշտադրվում է համարժեք հզորությունների ձևավորման հետ.

«Մեր օրակարգի թեման ոչ թե ԱԷԿ-ի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը: Կյանքը երկարացնում ենք, բայց հասկանալի է, որ հավերժ չի կարող աշխատել»:

Տեսանյութեր

Լրահոս