Բաժիններ՝

«Եթե բեմադրում ես մի գործ, որը կապ ունի բանակի հետ, զինվորների հետ ու սրտիդ մոտ է, իրավունք չունես սխալվելու. Դավիթը չի սխալվի»

Հայրենիքին նվիրվածության, անձնազոհության, ընկերասիրության, զինվորի մարտի դաշտում հույզերի ու ապրումների մասին պատմող «Անմահների երկիրը» մեկ գործողությամբ դրաման ապրիլի 2-ին կբարձրանա Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացման գլխավոր դերակատար Սարգիս Գրիգորյանն ասաց, որ հերոսը, որին մարմնավորում է ինքը, օպերատոր է, որը մեկնում է ռազմի դաշտ տեսանյութի համար: «Գտնվելով կռվող տղաների կողքին՝ նա հասկանում է, որ այն, ինչ ինքն էր պատկերացնում, բնավ կապ չունի այն ամենի հետ, ինչը տեղի է ունենում սահմանին: Արդյունքում նա նույնպես դառնում է զինվորներից մեկը՝ իրապես ընկալելով հայրենասիրություն, ուժ, հող, եկեղեցի, հարսանիք և այլ արժեքների իմաստը»,-նշեց դերասանը և հավելեց, որ հերոսը հայտնվում է մի իրավիճակում, որի շնորհիվ գիտակցում է իր ով լինելը:

Գրիգորյանը շեշտեց, որ ինքը ծառայել է Վայքում, գիտի, թե ինչ խնդիրների են բախվում զինվորները, թե ինչ բարդ ու դժվար կարող է լինել ծառայությունը: «Բանակում հնարավոր է մտերիմ ընկերներ ձեռք բերել: Իմ կնքահայրը բանակի ընկերս է»,-ասաց նա:

Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Հայկ Սարգսյանը, Գեորգի Հովակիմյանը, Իշխան Ղարիբյանը, Աշոտ Հակոբյանը, Հովհաննես Հաջինյանը:

Գրիգորյանի խոսքով՝ դերասանական խումբը հավաքվել է հատուկ այդ ներկայացման համար:

«Լավ է, որ դերասանները տարբեր թատրոններից են. այդպես նրանք տարբեր մտածողություն են բերում, մեկ ուղղվածություն չէ միայն»,-ընդգծեց Գրիգորյանը: Անդրադառնալով բեմադրության մանրամասներին՝ դերասանն ասաց, որ բեմը հագեցած կլինի անհրաժեշտ դեկորացիաներով, պահանջվող լուսային ու ձայնային էֆեկտներով:

Նրա համոզմամբ, «Անմահների երկիրը» դիտելով՝ մենք ավելի շատ կսիրենք մեր երկիրը:

«Ներկայացումը հուզիչ է, զգացմունքային: Չեմ ցանկանա շատ փակագծեր բացել, բայց պետք է փաստեմ, որ դերասաններն էլ են հուզվում, և դրանք իրական ապրումներ են: Հնարավոր չէ լինել կեղծ ու խաբել: Ապրիլի երկուսն այն օրն է, երբ սկսվեց չարաբաստիկ Քառօրյա պատերազմը, որը շատ զինվորների կյանքեր խլեց: Այդ օրը դահլիճում ներկա կլինեն Քառօրյայի մասնակից տղաներ, զոհված զինվորների ծնողներ»,-շեշտեց Սարգիս Գրիգորյանը:

Խոսելով ներկայացման բեմադրիչ Դավիթ Հարությունյանի հետ համագործակցության մասին` դերասանն ասաց, որ նախընտրել է աշխատել հենց նրա հետ, քանի որ Հարությունյանը տաղանդավոր է ու կարողանում է պատասխանատու բեմադրությունները պատվով կյանքի կոչել:

«Եթե բեմադրում ես մի գործ, որը կապ ունի բանակի հետ, զինվորների հետ ու սրտիդ մոտ է, իրավունք չունես սխալվելու: Դավիթը չի սխալվի»,-եզրափակեց Գրիգորյանը:

Պիեսի հեղինակը Էդուարդ Զորիկյանն է, բեմադրող նկարիչն է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը, իսկ կոմպոզիտորն Արման Էլբերտն է:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս