«Ամուլսարի հետ կապված այս իրավիճակն անպայման կազդի Հայաստանի միջազգային հեղինակության վրա. ներդրողները մտահոգ են». Կանադահայ գործարար

Մարտի 11-ին «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը հայտարարություն էր տարածել Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ։ Ընկերության հայտարարության մեջ մասնավորապես նշված էր.

«Ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) և Կանադայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1999 թ. մարտի 29-ից) շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ վեճերի առկայության մասին: Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության համար բաց են «Լիդիանի» հետ առկա վեճերը քննարկելու և արագ լուծումներ տալու հնարավորությունները»:

«Լիդիան Արմենիա» ընկերության և ՀՀ կառավարության միջև առաջացած անհամաձայնությունների և ընդհանրապես Հայաստանի ներդրումային միջավայրի շուրջ 168.am-ը զրուցեց գործարար կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանի հետ։

– Պարոն Ջաբրայան, օրերս «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը պաշտոնական հայտարություն էր տարածել, ըստ որի՝ եթե ՀՀ կառավարությունը չկատարի ընկերության հետ կնքած պայմանագրով նախատեսված պարտականությունները, ապա ընկերությունը պատրաստ է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ։ Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ։

Կարդացեք նաև

– Բնականաբար, մտահոգիչ է, որ ընկերությունը ստիպված է դիմելու այսպիսի քայլի։ Ցանկությունս է, որ նման իրականության առջև չկանգնենք, բայց և անպես ընկերությունը պետք է պաշտպանի իր խախտված իրավունքները, իսկ թե ինչ է սպասվելու Հայաստանին, ժամանակը երևի ցույց կտա, բայց, բնականաբար, ոչ մի դրական արդյունք չի կարող ունենալ այս մեկն օտարերկրյա ներդրողի մոտ։

– «Լիդիան Արմենիան» համարվում է Հայաստանում խոշոր ներդրումներ կատարող ընկերություններից մեկը, արդյո՞ք տեղի ունեցածը չի ազդի Հայաստանի միջազգային հեղինակության վրա, և արդյո՞ք չի վանի օտարերկրյա ներդրողներին։

– Անպայման կազդի միջազգային հեղինակության վրա, պետք է հեռատես լինել, և այս պահին մենք արդեն հստակորեն տեսնում ենք ընդվզում և լուրջ մտահոգություն ներդրողների մոտ, կամ, ասենք, պոտենցիալ ներդրողների մոտ։ Վերջերս Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և նաև Միջին Արևելքում հանդիպել եմ ներդրողների հետ, մասնավորապես՝ բնական պաշարների հետ կապված, և բոլորն էլ ներդրում կատարելու վերապահ մոտեցում ունեին՝ հիմնելով իրենց կարծիքն Ամուլսարի հետ կապված այս իրավիճակի վրա. իսկապես մտահոգիչ է։

– Ձեր կարծիքով, եթե Հայաստանում հանքարդյունաբերությունը չզարգանա, իհարկե, պահպանելով բոլոր սահմանված չափորոշիչները, հնարավո՞ր է զարգացնել տնտեսությունը։

– Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսությունը զարգացնելու ամենամեծ մասնիկն է, և պետք է այս մեկը հասկանալ և շահագործել հանքավայրերը միջազգային բարձրագույն մակարդակներով։ Բնական պաշարներ արտահանող երկրներն այսօր աշխարհի լավագույն տնտեսությունն ունեցող երկրներ են, Կանադան, Ավստրալիան, Ամերիկան, Սկանդինավյան երկիրները և այլն, այս երկրները օրինակ պետք է ծառայեն, որ այս արհեստական միֆը, որ ստեղծված է, որը հանքարդյունաբերությունը ներկայացնում է՝ որպես բացասական երևույթ, պարզապես իրականությանը չի համապատասխանում։ Բնական պաշարներ ունենալը և բարենպաստորեն չօգտվելն այդ պաշարներից՝ պարզապես սխալ է։

Դժբախտաբար, նախկինում շատ հանքատերեր Հայաստանում օրինական ձևով չեն շահագործել իրենց տրված թույլտվությունները, և այդ մեկը բացասական տպավորություն է ստեղծել այս հրաշալի ոլորտի հանդեպ։ Հանքարդյունաբերությունն ուղղակի հասկանալ է պետք, ափսոսում եմ, որ Հայաստանում լուրջ աշխատանք են տանում ապատեղեկատվություն տարածելու այս ոլորտի մասին, և մարդիկ այդ ապատեղեկատվությանը հավատալով, չհասկանալով ոլորտը՝ բացասական կարծիք են կազմում ոլորտի մասին։

– Ընդհանրապես Հայաստանում ներդրումներ անելու համար կա՞ն բարենպաստ պայմաններ, ներդրողն իրավական առումով պաշտպանվա՞ծ է։

– Ներդրողի իրավական պաշտպանված լինելու մասին չեմ կարող ասել, նախկինում կասկածներ ունեի, որ մեր դատարաններն անկախ չեն, այս պահին չգիտեմ՝ այդ մեկը փոխվա՞ծ է արդյոք․ դժվար, որովհետև այդպիսի փոփոխությունները տարիներ են տևում։

Հաճախ ենք հանդիպել դատարանների ոչ անկեղծ և կամ արդար լինելուն, բայց այդ մեկը չեմ կարող ասել, որ չի կարող լինել արդար մոտեցում։ Բայց, օրինակ՝ ներկայիս իրավիճակը՝ Ամուլսարի հետ կապված, հստակ ցույց է տալիս, որ իրավական մարմինները Հայաստանում կա՛մ անկախ չեն, կա՛մ էլ արդար չեն։

Ինչպե՞ս կարող է լինել, որ օրինական շահագործման բոլոր թույլտվություններն ունեցող ընկերությունն այսօր ամիսներ շարունակ անօրինական փակման ենթարկված է, չեն կարողանում աշխատել, և ո՛չ պետությունը, ո՛չ իրավական մարմիններն օրենքը հարգելով՝ ներդրողի իրավունքը չեն պաշտպանում։

– Որպես գործարար՝ ներդրումների միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու համար ի՞նչ առաջարկներ ունեք։

– Թափանցիկ աշխատաոճ Կարավարության կողմից, ավելի համագործակցական քայլեր պետք է մշակվեն, ավելի ժամանակավոր և անկեղծ հաղորդակցություն ներդրողի հետ։

Վերացնել արհեստական բոլոր խոչընդոտները, որոնք մինչ օրս գոյություն ունեն։ Ահավասիկ, 10 տարուց ավելի է, որ հսկայական ներդրումային ծրագրեր եմ իրականացրել Հայաստանում և տակավին փորձում եմ իրականացնել, բայց ափսոս, որ միշտ այս արհեստական խոչընդոտները խանգարում են անկեղծ աշխատանքին։ Հուսով եմ, որ այս բոլորը փոփոխության ճանապարհին է, բայց երևի ժամանակը ցույց կտա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս