Ավտոներկրողները կրկին բողոքի ակցիաներ կկազմակերպեն
Ավտոներկրողները դեռ հարցի լուծման ճանապարհներ են փնտրում, իսկ լավագույն տարբերակներից մեկը, նրանց խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելն է:
Ասում են՝ hունվարի 17-ին ավտոներկրողները հանդիպել են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, հասկացել, որ մեքենաները բերելու են իրենց անունով ու առք ու վաճառքից 1.5 տոկոս հարկ են վճարելու, սակայն այդտեղ մի խնդիր կա. չգիտեն, թե այս կամ այն մեքենայի վրա ինչքա՞ն գումար կծախսվի, եկամուտն ինչքա՞ն կկազմի, որ դրա համար 1,5 տոկոս հարկ վճարեն:
«Առաջիկայում ժողով է լինելու, քանի որ խնդիրներին լուծում չի տրվել: Դեռ շարունակում են նամակներ ուղարկել ավտոներկրողների հասցեներով, այսինքն, տուգանքները շարունակում են գալ: Եվ, քանի որ հարցը դեռ լուծված չէ, կարող են կրկին բողոքի ակցիաներ տեղի ունենալ: Ավտոներկրողները կորոշեն՝ այն լինելու է ավտոերթի՞, թե՞ ցույցի տեսքով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Բացի տուգանքները՝ ուզում ենք Կառավարությունից հստակ պատասխան ստանալ նաև 2020 թվականի հետ կապված: Ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ է լինելու: Գաղտնիք չէ, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ մեքենաների համար մաքսատուրքերի բարձրացում սահմանված է 2020 թվականից: Ուզում ենք քննարկել նաև թե՛ տաքսու ոլորտի, թե՛ ավտոներկրողների, թե՛ ուղևորափոխադրումների խնդիրները: Մեր միակ ցանկությունը վարչապետի հետ խոսելն է, որից հետո նա վերջապես կհանձնարարի գերատեսչական մարմիններին՝ խելքները գլուխները հավաքել»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի: Նվիրվող մեքենայի 20%-ը պետք է հարկվի:
Հարկային մարմինները բոլորին զգուշացրել են, որ մինչև ապրիլի 15-ը տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեն:
Ավտոներկրողները պնդում են, որ տեղյակ չեն եղել օրենսգրքում կատարված փոփոխությունից, խորհրդարանական ընտրություններից առաջ են տուգանքներ ստացել։ Նրանք պահանջում են, որպեսզի բոլորի տուգանքները ներվեն և նվիրատվություն կատարելու համար չսահմանվի 20% հարկ, ինչպես նաև խելամիտ գներ առաջարկեն, քանի որ բոլորն էլ դեմ չեն մտնել հարկային դաշտ:
«Հուլիսի 1-ից մինչև հունվարի 1-ը մուծող չկա»,- պնդում են նրանք:
Խնդրի հետ կապված ավելի վաղ հաղորդագրություն է տարածել նաև Պետական եկամուտների կոմիտեն՝ մասնավորապես նշելով.
«ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետի համապատասխան` հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաների երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ ավտոմեքենաների (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում, համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում: Նույն կետի «դ» ենթակետի համաձայն՝ եթե ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը:
Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետին համապատասխան` օտարումը մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է կամ ծառայության մատուցումը որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց:
Միաժամանակ, մինչև 01.07.2018թ. օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում էր (հարկի հաշվարկը կատարվում էր) հաշվառման դրամարկղային մեթոդով, իսկ 01.07.2018թ.-ից վերոնշյալ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով` համաձայն 21.06.2018թ. ՀՕ-338-Ն օրենքով կատարված փոփոխությունների:
Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից:
Հետևաբար` եթե ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ձեռք են բերվում և օտարվում երկու և ավելի թվով ավտոմեքենաներ, ապա այդ ավտոմեքենաների երկրորդ և ավելի թվով օտարումը (այդ թվում` նվիրատվությամբ) օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում և ենթակա է հարկման եկամտային հարկով` 20 տոկոս դրույքաչափով, իսկ հարկման բազան որոշվում է ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան:
Մինչև 01.07.2018թ. ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաները անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չէր առաջանում, քանի որ հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառման հիմքերի բացակայությամբ պայմանավորված` ֆիզիկական անձի մոտ եկամուտ չէր ձևավորվում»:
Անի Կարապետյան