«Դիմել ենք էկոլոգիական հիմնադրամին, որպեսզի կանաչ բուֆերային գոտու ստեղծման համար 6,3 մլն դոլար արժողության ծրագիրը ֆինանսավորի»
Երևանի քաղաքապետարանն արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանի հրահանգով պատրաստվող հերթական աղմկահարույց որոշման մասին 168.am-ի հրապարակմանը:
Մեր հրապարակման մեջ մենք տեղեկացրել էինք Մարությանի հերթական աղմկահարույց գործողությունների մասին. ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետը սրճարանների քանդման գործընթացի ավարտին պատրաստվում է հրապարակել ավելի դժվարամարս մեկ այլ որոշում, այն է՝ քանդել շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդները (ձեղնահարկերը):
Եվ այս օրերին քաղաքապետարանի Պրավաբանական վարչության մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերն ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ մանսարդները ճարտարապետական լուծումներով քաղաքի կերպարին հարմարեցնելու համար, ընդհուպ՝ քանդման եղանակով:
Մեր մյուս դիտարկումը վերաբերում էր այն փաստին, թե ինչո՞ւ է քաղաքապետը մայրաքաղաքի էկոլոգիական միջավայրի ձևավորումը որոշել սկսել Օպերայի մերձակայքի նեղլիկ գոտուց, մինչդեռ քաղաքն ունի շատ ավելի լայն ու հարմարավետ մակերես, օրինակ՝ Նորքի բարձունքը: «Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայրաքաղաքի էկոլոգիական մաքուր միջավայրի ձևավորման փորձը չսկսել, օրինակ, Նորքի բարձունքից, մանավանդ, որ քաղաքի էկոլոգիական բալանսն ապահովելու համար այստեղ ավելի լայն հնարավորություն է ստեղծված»,- գրել էինք մեր հրապարակման մեջ: Նորքի գոտու ընտրության պարագայում աշխատանքներն ավելի անկաշկանդ կիրականացվեին, անաղմուկ, իսկ քաղաքապետի՝ ավելի համոզիչ թվացող մղումներին դիմակայող ակցիաներ չէին կազմակերպվի, հակառակը՝ միգուցե հարյուրներով ու հազարներով կամավորներ միանային այս գործին, ու սա լավագույն PR-ը լիներ հիշողություններում ամենատպավորիչ քաղաքապետը մնալու համար:
Բայց Նորքի բարձունքը վրիպել է քաղաքապետի տեսադաշտից. Օպերային թատրոնի տարածքն իշխանությունների կողմից թիրախավորելու՝ «կանաչ մղումների» տակ իրականում քաղաքական թաքնված մոտիվներ կան։
Քաղաքապետարանից 168.am-ի հրապարակման արձագանքը, սակայն, հակառակն է փորձում համոզել, մասնավորապես նշելով, թե Նորքի բարձունքը՝ որպես բուֆերային գոտի, եղել է քաղաքապետի նշանառության տակ, պարզապես դրա մասին չխոսելու հիմքեր կան:
Դրանցից մեկը ոռոգման համակարգի բացակայությունն է այս հատվածում, մյուսը՝ տարածքի կազմակերպաիրավական կարգավիճակից բխող հանգամանքը:
«Նորքի բարձունքի կանաչ գոտին ներառված է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմում և պատկանում է Բնապահպանության նախարարությանը: Չնայած այս հանգամանքը չի խանգարել, որպեսզի ԲՆ հետ համատեղ բուֆերային գոտին հարստացնելու մի ծրագիր նկատի ունենանք»,- ասվում է պատասխան նամակի մեջ:
«Արդեն իսկ մշակվում է գաղափարը, դիմել ենք էկոլոգիական հիմնադրամին, որպեսզի կանաչ բուֆերային գոտու ստեղծման համար 6,3 մլն դոլար արժողության ծրագիրը ֆինանսավորի»,- նշել է քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:
Այդուհանդերձ, ինչո՞ւ շտապել, դիմել ապամոնտաժման անօրինական գործողությունների և կանաչի վերականգնումը սկսել հենց Օպերային թատրոնին հարող խնդրահարույց տարածքից։ Այս մոտեցմանը պաշտոնյան յուրահատուկ պատասխան է տվել:
«Օպերային հարող տարածքից աշխատանքների սկսումը մեզ համար խորհրդանշական բնույթ է կրում: Ցանկացանք սկիզբն ազդարարել այստեղից, որպեսզի բնապահպանական բարեփոխումների շունչը մեր համաքաղաքացիներն զգան հենց Երևանի սրտից»,- նշել է նա ու հավելել, որ աշխատանքները, ըստ էության, նախատեսվում են բոլոր 12 վարչական շրջաններում:
Քաղաքի հարավային մասը եզերող հատվածում քաղաքապետարանն անտառապատ տարածքներ է նախատեսում ստեղծել: Նուբարաշենի հատվածը շուտով կմեկնարկի, հաջորդը Սիլիկյան թաղամասն է:
«Քաղաքային կանաչապատման նոր մշակույթ է ներդրվել Երևանում՝ տեսականու կազմի, որակի ու քանակի առումով: Մտադիր ենք աշխատանքներն այնքան գրագետ կազմակերպել, որ քաղաքային բնությունը չտուժի, կանաչապատ բոլոր տարածքները պիտի ոռոգելի լինեն, որպեսզի ծախսված փողերը նպատակին ծառայեն, իսկ տնկված ծառերն ունենան ապագա»,- եզրափակել է քաղաքապետարանի պաշտոնյան:
Սյուզի Բադոյան