Բաժիններ՝

«Մարդկանց հետ քննարկե՞լ են, թե՞ ուղղակի հեղափոխական տարերքով տարված՝ եկել-քանդել են». Ավետիք Իշխանյան

«Համարում եմ, որ երբ ժամանակին Օպերայի հարակից տարածքներում այդ սրճարանները կառուցվեցին, մեղմ ասած, վայրենություն էր, այդ այգին այդ կերպ փչացնելը, նույնը վերաբերում է նաև «Օղակաձև» զբոսայգուն, և «Հաղթանակ» զբոսայգու դիմացի այգուն, և այս շարքը կարելի է շարունակել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժմանը։

Այդուհանդերձ իրավապաշտպանը նկատեց, որ, եթե ավելի լայն դիտարկեն այդ ամենը, ապա պետք է հիշեն, որ Խորհրդային Միության տարիներին քանդվեց եկեղեցի, որի փոխարեն՝ կառուցվեց Օպերայի շենքը, ակադեմիայի շենքը նույնպես կառուցվեց քանդված եկեղեցու վայրում, ինչը սխալ էր, քանի որ իրավապաշտպանի կարծիքով՝ այդ ամենը կարելի էր այլ վայրում կառուցել։

«Բայց արդյո՞ք ճիշտ էր հետագայում Ակադեմիայի շենքը քանդել, փոխարենը՝ նորից եկեղեցի կառուցել, կարծում եմ՝ սա կոպիտ սխալ էր։ Մոտավորապես նույնը վերաբերում է այս սրճարաններին։ Իհարկե, այստեղ մեկ կարևոր հարց կա, արդյո՞ք պետք է վերականգնվեն կանաչ տարածքները, մի կողմից՝ այո, բայց մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ այդ մարդիկ ունեցել են պայմանագրեր և իրենց կյանքը կառուցել են այդ պայմանագրի ժամկետի հետ, այսինքն՝ դրանով են պլանավորել հետագան։ Հիմա գուցե ասեն, թե նախկինում հանցավոր ռեժիմն էր, և այլն, բայց հիմա այդ մարդիկ իրենց կյանքը կապել են այդ տարիների հետ։ Այստեղ երկու հարց եմ ուզում բարձրացնել, նախ՝ արդյո՞ք նրանց հետ քննարկվել է այդ հարցը, նոր տարածք առաջարկե՞լ են, կամ՝ ժամանակ տվե՞լ են, թե՞ ուղղակի հեղափոխական տարերքով տարված՝ եկել-քանդել են։ Կարծեք թե այս երկրորդ տարբերակն է »,- ասաց Ա. Իշխանյանը։

Իրավապաշտպանը հարց է բարձրացնում, արդյո՞ք ապամոնտաժման աշխատանքներն ընտրովի չեն լինելու, և արդյո՞ք այդ սկզբունքը վերաբերելու է բոլոր սրճարաններին, և ոչ միայն՝ Օպերայի տարածքում, «Օղակաձև» այգում և այլուր։ Եթե սկզբունքը վերաբերում է բոլորին, ապա իրավապաշտպանի խոսքով՝ կարելի է մտածել, որ խտրականություն չկա, հակառակ դեպքում առաջանում են բազմաթիվ հարցեր, և այդ դեպքում անընդունելի է այն ամենը, ինչ կատարվում է։

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, իրավապաշտպանը տեղեկացրեց, որ իրենց դիտորդները դեպքի վայրում են եղել։

«Եթե այդ ամենը դիտարկենք՝ որպես հավաք, ապա ոստիկանության նկատմամբ բռնի կամ այլ գործողություններ չեն եղել։ Եվ մարդկանց բերման ենթարկելը, և վարչական վարույթներ իրականացնելը նման է նախորդ շրջանին, երբ կատարվում էր նույն ձեռագիրը։ Այսինքն՝ ըստ մեր դիտորդների կարծիքի, դեռ ամբողջը չենք ամփոփել, ոստիկանության գործողությունները համաչափ չեն եղել այս գործողության ժամանակ։ Նշեմ, որ վարույթները նույն թեման է, որ չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին։ Բայց այստեղ շատ կարևոր խնդիր կա, եթե հավաքը խաղաղ է եղել, ապա ոստիկանությունն իրավունք չուներ բերման ենթարկելու ցուցարարներին»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս