«Եթե Հայաստանը շարունակի պնդել, որ չի բանակցելու Արցախի փոխարեն, Մինսկի խումբն առաջ կքաշի իր պայմանը, որին Հայաստանը պատրաստ չէ». Երվանդ Բոզոյան

«Ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան բանակցության բացակայություն, քանի որ դրանց բացակայությունը հղի է պատերազմական լուրջ վտանգներով։ Կարծում եմ՝ նույնիսկ  բանակցություններ՝ հանուն բանակցությունների, լավ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը։

Ինչ վերաբերում է այդ հանդիպման օրակարգի բացակայությանը, քաղաքագետը նկատեց՝ նման թակարդի մեջ ՀՀ վարչապետն է ինքն իրեն գցել, քանի որ հայտարարել է, որ բանակցային գործընթացում չի ընդունում նախկին սկզբունքները, և դրանք պետք է փոխվեն։

«Օբյեկտիվորեն այդ իրականությունը հնարավոր չէ փոխել, քանի որ այն սկզբունքները, որոնք դրված են՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունքի հարգում, տարածքային ամբողջականության սկզբունք, և այլն, դրանք բոլորն էլ նորմալ սկզբունքներ են, որի հիման վրա հնարավոր է լուծել խնդիրը։ Ի վերջո, եթե մենք ասում ենք` պետք է կոմպրոմիս լինի, ապա կոմպրոմիսը հենց այդ սկզբունքների շուրջ պետք է լինի, նոր հեծանիվ հորինելն անիմաստ է։ Քանի որ վարչապետը չգիտի, թե ինչ սկզբունքի շուրջ պետք է ընթանա այդ ամենը, փորձում է խուսափել պատասխանատվությունից՝ նշելով, որ Արցախը պետք է բանակցի, որպեսզի ամբողջ պատասխանատվությունը նա կրի»,- ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ միջազգային հանրությունը չի ընդունում, որպեսզի Արցախը մասնակից դառնա բանակցային գործընթացին, և դա ունի մեկ պարզ պատճառ՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կապը սերտ է, և, եթե ՀՀ վարչապետը շարունակի պնդել, որ Արցախի փոխարեն չի բանակցի, ապա Մինսկի խումբը կարող է առաջ քաշել իր պահանջը, այն է՝ «Արցախը կարող է բանակցություններին մասնակցել մեկ պայմանով, եթե Հայաստանն Արցախից դուրս բերի իր զորքը»։

«Հայաստանն այս քայլին պատրա՞ստ է, իհարկե ոչ, քանի որ Հայաստանը գրեթե 90 տոկոսով վերահսկում է Արցախի տնտեսական, քաղաքական և անվտանգության համակարգը, ինչպե՞ս կարող է չբանակցել և թույլ տալ, որ իր փոխարեն՝ Արցախը բանակցի»,- շեշտեց նա։

Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ հստակ ձևակերպված չէ այն բանաձևը, թե ինչ է ուզում հայ հասարակությունը, ի տարբերություն ադրբեջանական հասարակության, որը հստակ գիտի, թե ինչ է ուզում. նրա ցանկությունը մեկն է՝ «Արցախը լինի Ադրբեջանի կազմում, և որպես կոմպրոմիս՝ պատրաստ է, որ այն լինի ավտոնոմիայի կարգավիճակում»։

«Հայ հասարակության վերնախավը պետք է ձևակերպեր հասարակության ցանկությունը, ցավոք, չկա, կան միայն պոպուլիստական հայտարարություններ»,- եզրափակեց Երվանդ Բոզոյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս