«Այդպիսի պետության կայացումը կլինի ամենամեծ նպաստը Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորման գործին». Արման Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի և Արցախի ղեկավարության մասնակցությամբ Ստեփանակերտում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստը, ի թիվս այլ շերտերի, պարունակում էր նաև միասնականության ուղերձ։ Այո, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մենք պետք է լինենք համախմբված ու միասնական, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանք դիմագրավել մեր առջև ծառացած մարտահրավերներին։
Նույն միասնականությունն ու համախմբվածությունը, սակայն, մենք չենք դրսևորում այլ հարցերում, որոնց լուծումը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի նույն Արցախի խնդրի հայանպաստ կարգավորման համար։
Խոսքը մեր ներքին ինստիտուտների կայացման, կենսունակ պետություն ստեղծելու օրակարգի մասին է, որը, ընդհանրական լինելով առաջին հայացքից, իրականում պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք։ Ղարաբաղյան բանակցություններում մեր դիրքերը կարող են ամուր լինել միայն այն դեպքում, երբ մենք կարողանանք կայացնել իրապես ժողովրդավարական համակարգեր, իրապես մրցունակ տնտեսություն ու իրապես ազատ հասարակություն։ Դրանք ոչ թե սոսկ գեղեցիկ ձևակերպումներ են, այլ հզոր պետություն ունենալու նախապայմաններ։
Մինչդեռ մենք այսօր ունենք ներքին բազում խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ անգամ աշխատանքի նախանշաններ չեն երևում։
«Լիդիան» ընկերությունը, օրինակ, հայտարարել է Հայաստանի կառավարության նկատմամբ դատական գործընթաց սկսելու մտադրության մասին։ Եթե կարճ ժամանակում մեր կառավարությունը չկարողանա «Լիդիանի» հետ փոխզիջումային լուծման հանգել, և գործը հասնի միջազգային արբիտրաժ, դա սարսափելի բացասական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի ներդրումային գրավչության տեսանկյունից։
Հայաստանի պատմության մեջ երբևէ ամենախոշոր ներդրումային ծրագիրն, այսպիսով, դադարեցման վտանգի տակ է։ Իսկ մեր կառավարությունը դեռ գործում է չհաստատված կառուցվածքով։
Մենք անընդհատ խոսում ենք ներդրումների անհրաժեշտության մասին, իսկ կառավարությունը պատրաստվում է ներկայացնել Հարկային օրենսգիրք, որի բազմաթիվ կետեր, մեղմ ասած, վիճահարույց են բիզնեսի համար։
Մենք անընդհատ խոսում ենք հանրային համերաշխության մասին, մինչդեռ գործնականում իշխանության կողմից տեսնում ենք այլակարծությանն ու ընդդիմախոսությանը թշնամաբար վերաբերվելու արտահայտություններ, նախկին արատավոր կանոններով գործող դատական համակարգ։
Նշված և չթվարկված բազմաթիվ խնդիրներ պահանջում են ռազմավարական, հայեցակարգային լուծումներ, բայց մեր կառավարությունն առայժմ զբաղված է ընդամենը օպերատիվ կառավարմամբ։
Ներքին այս և բազմաթիվ այլ մարտահրավերներին գումարվում են նաև արտաքին քաղաքական լրջագույն խնդիրներ՝ անորոշ հարաբերություններ ռազմավարական դաշնակցի հետ, անվստահություն առաջացնող քայլեր Արևմուտքի ուղղությամբ…
Միասնականությունը, որ բարեբախտաբար կարողանում ենք դրսևորել Արցախի խնդրի հետ կապված, մեզ անհրաժեշտ է նաև ներքին մարտահրավերներին դիմակայելու համար։
Միասնականությունը չի նշանակում միակերպ մտածողություն, այն նշանակում է համախմբում ընդհանուր նպատակի շուրջը, ինչը ենթադրում է, որ նպատակին հասնելու հարցում կարող են լինել տասնյակ, հարյուրավոր կարծիքներ։ Իսկ նպատակը պետք է լինի կենսունակ ու մրցունակ այնպիսի պետության կայացումը, որի հետ հաշվի կնստի ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև միջազգային հանրությունը։
Այդպիսի պետության կայացումը կլինի ամենամեծ նպաստը Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորման գործին»։
Հայաստանի և Արցախի ղեկավարության մասնակցությամբ Ստեփանակերտում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստը, ի թիվս այլ…
Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Dienstag, 12. März 2019