««Տնտեսական հեղափոխություն» եզրույթից բացի՝ ոչինչ չեմ տեսնում,չկա համակարգված աշխատանք». քաղտեխնոլոգ

«Տնտեսական հեղափոխությունն ինձ համար դեռևս միայն հայտարարություն է: Այն, ըստ վարչապետի, երկկողմանի շարժում է, այսինքն, պետք է կառավարությունն իր քայլն անի, ժողովուրդը՝ իր, սակայն, կարծում եմ՝ կա որոշակի չհասկացվածություն: Տպավորությունն այնպիսին է, որ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ասել է՝ մենք ինչ կարող էինք, քեզ համար արել ենք, մասնակցել ենք հեղափոխությանը, փողոց ենք փակել, շերեփով գիշերը հարվածել ենք կաթսաներին, հոկտեմբերի 2-ին քո մի կանչով եկել, հակահեղափոխականներին ենք ճնշել ԱԺ-ի մոտ, դեկտեմբերի 9-ին էլ սուպեր լեգիտիմ վարչապետ ենք ընտրել, հիմա պետք է սպասենք, որ տնտեսական թռիչք ապահովես: Վարչապետն էլ իր հերթին՝ ակնկալիքներ ունի ժողովրդից, բայց, կարծես հասարակությունը դեռևս չի հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը փրկիչ չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ Հարկային նոր օրենսգրքում պետք է լինեն կտրուկփոփոխություններ:

«1.5 տարի առաջ ընտրված այդ օրենսգիրքը լուրջ հարված էր տնտեսությանը: Սա կապված էր հին պայմանավորվածություններով, այդ թվում՝ միջազգային կառույցների հետ: Միջազգային կառույցները, ի դեպ, ասում են՝ մենք դեմ չենք, ոնց ուզում եք՝ հարկերը հավաքեք, պարզապես այն մեզ հետաքրքրում է, որովհետև պետք է վարկային ձեր պարտավորությունները կատարեք, եթե ոչ՝ ձեր առջև պայման ենք դնում: Բանկերի դեպքում էլ է այդպես, չէ՞: Տեսեք, եթե ձեզ վարկ են տրամադրում, դուք էլ գնում ասում եք, թե կարող է՝ չկարողանամ տալ, բանկը սկսում է կոշտացնել ինչ-որ պայմաններ՝ ասելով, թե չես կարողանում ՝գնա հեռուստացույցդ ծախիր, բեր տուր ինձ: Հիմա միջազգային կառույցներն են»,- նշեց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ այս հարկային օրենսգրքով միջին բիզնեսը չի կարող շնչել, իսկ եթե ուզում ես տնտեսությունը դարձնել ներառական, ապա դա նշանակում է, որ միջին խավ պետք է լինի, ինչի համար կտրուկ փոփոխություններ պետք է լինեն:

Ինչ վերաբերում է բարեփոխումներին՝ քաղտեխնոլոգը կարևորեց ռեալ ծրագիր ունենալն ու ռազմավարական մտածելակերպ ունենալը:

«Տնտեսական հեղափոխություն եզրույթից բացի՝ ոչինչ չեմ տեսնում,չկա համակարգված աշխատանք:

Կառավարության կազմում երկու բլոկ կա. մեկը պրոֆեսիոնալներ են, որոնց մտածված Փաշինյանը պահել է, նրանք ֆինանսատնտեսական, ֆինանսաբյուջետային անվտանգության համակարգի, երկրի կայունությունը ապահովող ոլորտների ներկայացուցիչներն են՝ Ֆինանսների նախարարություն, ՊԵԿ, Կենտրոնական բանկ, ԱԱԾ, Ոստիկանություն, ԱԻՆ, իսկ մյուս բլոկումհեղափոխության մասնակիցներն են՝ քաղաքական գործիչներ, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ:

Կան ոլորտներ, որտեղ մարդիկ հասկանում են, թե ինչով են զբաղված, սակայն կան ոլորտներ, որտեղ, ինչպես որ 10 ամիս առաջ սիրողական մակարդակով սկսել էին, այնպես էլ շարունակում են աշխատել: Ու այս պայմաններում ասել, որ տարին տնտեսության համար բեկումնային է լինելու, չի կարելի. ես առայժմ չեմ տեսնում բարեփոխումների հիմնական վեկտորները»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս