«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ու էժանագին ճնշումներին տուրք չտանք». ադրբեջանագետ

Մարտի 11-15-ն Ադրբեջանի բանակն անցկացնելու է պլանային բնույթի լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ներգրավվելու է շուրջ 10.000 անձնակազմ: Վարժանքներին ներգրավվելու են նաև մինչև 500 միավոր զրահատանկային տեխնիկա, ավտոմոբիլային և հատուկ միջոց, մինչև 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, տարբեր նշանակության մինչև 20 միավոր ավիացիոն միջոց,այդ թվում՝ զորային ավիացիա (ուղղաթիռներ): Ադրբեջանի ՊՆ կայքի փոխանցմամբ՝ զորավարժությունը հարձակողական սցենարով է:

«Ադրբեջանն անընդհատ տարածաշրջանում փորձում է, ինչպես ասում են, «մկանները խաղացնել»՝ անկախ երկու երկրների ղեկավարների հանդիպումների քանակից: Ադրբեջանը հստակորեն հասարակությանը նախապատրաստում է այն ծրագրին, որը վաղուց որդեգրել է և համարում է անխուսափելի: Դա պատերազմն է: Համոզված եմ՝ ադրբեջանական կողմը չի շեղվել այդ ճանապարհից: Ավելին, եթե հաշվի առնենք ադրբեջանական կողմի ռազմավարությունն այս տարածաշրջանում, պարզից էլ պարզ է, որ առաջիկայում, հավանական է՝ ականատես լինենք ապրիլյան պատերազմ 2-ի, որը կլինի ավելի երկարատև ու մեծ հետևանքներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ հավելելով, որ այս դեպքում տուժելու է ամբողջ տարածաշրջանը:

«Կարևոր է նաև այն, թե մենք որքանով պատրաստ կլինենք ադրբեջանական նոր ագրեսիային: Հույս ունեմ, որ այս անգամ անակնկալի չենք գա ու ինչպես պետք է՝ «կդիմավորենք» թշնամուն: Ագրեսորի ողնաշարն անհրաժեշտ է ջարդել և ռազմական գործողությունները տեղափոխել իրենց կողմից վերահսկվող տարածքներ: Եթե դա մեզ հաջողվի, ապա այո՛, տուժողը կլինի Ադրբեջանը, եթե ոչ՝ ողջ տարածաշրջանը կխորանա մեծ քաոսի մեջ»,- նշեց ադրբեջանագետը:

Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն գրառմանը, թե ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների, որ ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի չզիչելու Ադրբեջանին, Գրիգորի Այվազյանն ասաց, որ Ադրբեջանը բոլոր խողովակներով անընդհատ փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա:

«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ու էժանագին ճնշումներին տուրք չտանք: Զորավարժությունն ավելի շատ ճնշման փորձ է ոչ թե՝ հայկականկողմի վրա, այլ՝ միջնորդների: Փորձում են նրանց հասկացնել, որ, եթե Հայաստանի նկատմամբ հսկայական ճնշումներ չգործադրեք, հօգուտ մեզ զիջումներ չկորզեք, ապա կարող է նաև ռազմական ճանապարհով հարցը լուծենք: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ՝ եթե ի վիճակի լինեին ռազմական ճանապարհով իրենց նպատակներին հասնել, ոչ համանախագահներին կնայեին, ոչ էլ բանակցային սեղանի շուրջ կնստեին: Հետևաբար՝ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի պատրաստ չէ, իսկ սողացող պատերազմի սցենարին պատրաստ են ու վաղուց իրագործում են: Իսկ մենք ոչ միայն՝ խոսքով, այլև՝ գործով պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ ինքը գործ ունի համախմբված հասարակության հետ, այն հասարակության, որը համերաշխ է մեկ հարցում. միակողմանի որևէ զիջում ֆաշիստական Ադրբեջանին չի լինի ու չի էլ կարող լինել»,-  ընդգծեց ադրբեջանագետը:

Հիշեցնենք, որ մարտի սկզբին աշխատանքային այցով Արցախում գտնվող Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր.

«Ծրագիրը, որը անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, որը իմ և ոչ միայն իմ, այլև բոլորի օբյեկտիվ գնահատականով՝ մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու, որովհետև այն խոսքերը, արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են այն թեման, որ հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի իրականացման արդյունքում՝ մենք հստակ ուղերձ ենք տալիս ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու մտադրություն չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»։ Վանեցյանի այս հայտարարությունը լուրջ իրարանցում էր առաջացրել. պաշտոնական Բաքուն նրա այդհայտարարության համար մտադրություն էր հայտնել բողոք ներկայացնել ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին։

Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի՝ մարտի 7-ին արվածհայտարարությանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը շատ չի ուշանա, Գրիգորի Այվազյանը մեզ հետ զրույցում նկատեց.

«Բանակցային գործընթացից մեզ համար ամենամեծ օգուտն այն է, որ ժամանակ ենք շահում մինչև նոր պատերազմ, այսինքն, երկարաձգում ենք խաղաղությունը: Մինսկի գործընթացի հիմնական նպատակը վաղուցոչ թե հակամարտության լուծումն է, այլ պատերազմի հետաձգումը: Խաղաղ լուծում կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանում փոխվի ռեժիմը և ժողովրդական կարգեր հաստատվեն, ինչը քիչ հավանական է առաջիկա ժամանակների համար»:

Ի դեպ, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս